Հունվարի 1-ից ծերության, հաշմանդամության, մեկ կերակրողին կորցնելու դեպքում նպաստները կավելանան
Կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց նվազագույն կենսաթոշակ սահմանելու մասին նախագծերիի փաթեթը, որի նպատակը կենսաթոշակառուների, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է։
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով նախատեսվում է սահմանված ծերության, հաշմանդամության, մեկ կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը սահմանել 25500 դրամ։ Ներկայումս ծերության նպաստի չափը կազմում է 16000 դրամ, 1-ին խմբի հաշմանդամի և հաշմանդամ երեխայի համար՝ 21500 դրամ, երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 19000 դրամ, երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 16000 դրամ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը՝ 16000 դրամ։
Այսպիսով, նախագիծն ընդունվելու դեպքում «Պետական նպաստներ մասին» ՀՀ օրենքով 25500 դրամից պակաս կենսաթոշակ ստացող կենսաթոշակառու, իսկ «Պետական նպաստներ մասին» ՀՀ օրենքով սահմանված ծերության, հաշմանդամության, մեկ կերակրողին կորցնելու դեպքում նպաստները 2019 թվականի հունվարի 1-ից կվճարվեն 25500 դրամի չափով:
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը նշեց, որ սա չափազանց կարևոր նախաձեռնություն է: «Սոցիալական առումով խոցելի խմբերը, ծերության նպաստ ստացողները, որոնք մինչ այժմ ստանում էին 16 և 19 հազար դրամ նպաստներ, հունվարի 1-ից ստանալու են 25 հազար 500 դրամ: Սա այն անհրաժեշտ գումարն է, որն անհրաժեշտ է մարդուն չսովելու համար: Հայաստանը սոցիալական պետություն է և բոլորս պարտավորություն ունենք սոցիալապես խոցելի խմբերի առաջ և պետք է լավագույն ջանքերը գործադրենք, որպեսզի այդ պարտավորությունը որքան հնարավոր է արժանապատիվ կերպով կատարենք»,- նշեց Արարատ Միրզոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան