Շատ հագեցած քարոզարշավ է ընթանում. ՔՈ պատգամավորության թեկնածու
«Մենք ընտրել ենք փողոցային քարոզարշավը, թռուցիկներ ենք բաժանում, զրուցում մարդկանց հետ, նաև թռուցիկների հետ մանդարիններ բաժանում՝ ի նշան միասնականության»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորության թեկնածուԿարեն Հարությունյանը։
Նա ափսոսանք հայտնեց, որ գրեթե ոչ ոք չի խոսում նրանից, թե հեղափոխությունից հետո ինչպես ենք ապրելու, դեպի ուր ենք գնում։
«Մեր նպատակը համընդհանուր բարեկեցության ստեղծումն է, որը ենթադրում է, որ յուրաքանչյուր քաղաքացու համար պետությունը ստեղծի բոլոր հնարավոր պայմանները, որպեզի նա տեղափոխվի բարեկեցության ավելի բարձր մակարդակ։ Մենք կողմ ենք որակյալ տնտեսությանը, որպեսզի մարդիկ կարողանան արժանապատիվ ապրել»,- նշեց բանախոսը։
Կարեն Հարությունյանը շեշտեց, որ իրենք կարևորում են նաև կրթության որակի բարձրացումն և հասանելիությունը հասարակության բոլոր շերտերին։
Ինչ վերաբերում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարին՝ բանախոսը նշեց՝ իրենց համոզմամբ, պետք է կենտրոնացված մարմին լինի, որն էլ այդ երևույթի դեմ համակարգված պայքար կտանի։
Ասուլիսին ներկա ՔՈ պատգամավորության մեկ այլ թեկնածու Արփինե Զարգարյանն էլ նշեց, որ իրենք երկրում ապահովելու են մի մթնոլորտ, որպեսզի հայրենիքը գրավիչ դառնա սփյուռքահայ մեր հայրենակիցների համար։
Կուսակցության ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանն էլ նշեց, որ իր դիտարկմամբ շատ հագեցած քարոզարշավ է ընթանում։ Նրա խոսքով, սակայն, լավ կլիներ, որ բանավեճը չտեղափոխվեր ապաքաղաքական, ոչ կառուցողական դաշտ։
«ՀՀԿ-ի և «Իմ քայլի» միջև վեճը ապաքաղաքական է»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է կուսակցության արտաքին քաղաքականության տեսլականին՝ Սուրեն Սահակյանը շեշտեց, որ Արևելք-Արևմուտք դիսկուրսը կեղծ է և Հայաստանին միշտ շեղել է իր ճշմարիտ ուղուց։ ՀՀ արտաքին քաղաքականությունն, ըստ նրա, պետք է հիմնված լինի պետական շահի սպասարկման հիման վրա։
«Ինչ վերաբերում է Արցախյան հարցի լուծմանը, ապա այստեղ երկու հիմնասյուն ենք տեսնում՝ լուծումը բավարարի աշխարհաքաղաքական շահերի կոնսենսուսը և չհակասի տեղում ապրող ժողովուրդների իրավունքներին»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան