Մահացել է ճարտարապետ Գառնիկ Շախկյանը
Նոյեմբերի 29-ին 82 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց ճարտարապետության դոկտոր, պրոֆ., Հանրագիտարանի ավագ գիտական խմբագիր Գառնիկ Սմբատի Շախկյանը: «Հայկական հանրագիտարան. հրատարակչությունից» տեղեկացնում են, որ հ Գ. Շախկյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 1-ին ժամը 13։00-ին, Ալավերդու շրջանի Շնող գյուղում:
«Շախկյանը հայ մտավորականի տիպիկ կերպար էր՝ իր աշխատասիրությամբ, պրպտող մտքի խորությամբ, բազմազբաղ առօրյայով և մարդկանց օգտակար լինելու պատրաստակամությամբ բացառիկ անձնավորություն:
Իր բուն ճարտարապետական հետաքրքրություններից բացի նա եռանդ չխնայեց նաև իր մեծ հայրենակցի՝ Հովհաննես Թումանյանի տոհմի ու ընտանիքի, ստեղծագործությունների առանձին հարցերի ուսումնասիրության գործում և շատ օգտակար բացահայտումներ արեց: Նա նաև «Հովհաննես Թումանյան» գրական հանրագիտարանի նախաձեռնողներից ու ակտիվ աշխատակիցներից էր: Շախկյանը իր հայրենի Շնողի արժանավոր զավակներից էր, Շնողի պատվավոր քաղաքացի»,- նշված է «Հայկական հանրագիտարան. հրատարակչության» և «Շնող» հայրենակցական ընկերութան համատեղ հաղորդագրության մեջ։
ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Գ. Շխկյանը 1961 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրան՝ ճարտարապետություն մասնագիտության գծով։ 1987 թվականին վերապատրաստման դասընթացներ է անցել Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտում։ 1992 թվականին սովորել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում։ 1961-1967 թթ. եղել է Ալավերդի քաղաքի գլխավոր ճարտարապետը, 1967-1978 թթ.` Հայկոմուննախագիծ ինստիտուտի գլխավոր մասնագետ, ճարտարաշինական բաժնի վարիչ։ 1978 թվականից դասախոսում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության տեսության, պատմության և հուշարձանների վերականգնման ամբիոնում։ Հեղինակ է 15 գրքի, 250-ից ավելի հոդվածների։
Հեղինակ է հետևյալ ճարտարապետական կառույցների` Գրողների ստեղծագործական տունը Ծաղկաձորում, Հյուրանոցներ Արմավիր, Մարտունի քաղաքներում, Ալավերդի քաղաքի քաղաքապետարանի շենքը, Մանկական ճամբար Ծաղկաձորում, Նեղուցի մատուռ, Հուշակառույցներ Ալավերդի քաղաքում, Լճկաձոր գուղերում, բնակելի տներ, կոմունալ օբյեկտներ ՀՀ տարբեր շրջաններում։