Վերացական, պոպուլիստական խոստումների հետևանքն է, որ 20 տարի այս վիճակում ենք. Հայկ Գրիգորյան
««Մենք» դաշինքի երկու լիդերները՝ Արամ Սարգսյանը և Խաչատուր Քոքոբելյանը, քարոզարշավի ընթացքում հիմնականում լինում են մարզերում, իսկ մյուս թեկնածուները՝ Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, շրջում են մայրաքաղաքում»,-այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Մենք» դաշինքի պատգամավորության թեկնածու Թեհմինա Վարդանյանը՝ համոզմունք հայտնելով, որ ուղիղ կապը ժողովրդի հետ ավելի արդյունվետ է, քան հանրահավաքներին պաթոսով հայտարարություններ անելը։
Ասուլիսին ներկա «Ազգային առաջընթաց կուսակցության» անդամ Հայկ Գրիգորյանն էլ նշեց, որ անհարկի բանավիճային իրավիճակ է ստեղծվել ՀՀԿ-ի և «Իմ քայլը» դաշինքի միջև։
«ՀՀԿ-ին ամբողջ հանրապետության տարածքում շատ վատ են ընկալում։ Անհասկանալի է, թե ինչպես են ոմանք նրան համարում երկրորդ կամ երրրոդ ուժ։ Եկեք լրջանանք, մենք գործ ունենք խորհրդարանական արտահերթ ընտրությունների հետ։ ՀՀԿ-ի թեկնածուների խոսքերում ես մի բովանդակային նախադասություն չեմ լսել»,- ասաց նա։
Բանախոսը միաժամանակ նկատեց, որ ինքը տեսել է, թե ինչպես են «Իմ քայլի» ընտրարշավին մասնակից մեքենաներին ուղեկցում պետական համարանիշներով մեքենաներ։ Մինչդեռ պետության միջոցները, ըստ նրա, չպետք է ծախսվեն այդ նպատակներով։
Ինչ վերաբերոմ է ԲՀԿ պատգամավորության թեկնածու Արագած Ախոյանին, ապա նա նշեց, որ ժողովուրդն առայժմ ապրում է քաղցր երազի մեջ, քնում և արթնանում է հեղափոխական Հայաստանում, սակայն ակնհայտ է, որ մարդկանց սպասելիքներն այսօրվա իշխանություններից մեծ են։
«Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա մենք ժողովրդի կողմից լավ ենք ընկալվում։ Հուսով եմ ժողովուրդը ճիշտ կկողմնորոշվի և ճիշտ ընտրություն կկատարի»,- ասաց նա։
Panorama.am-ի հարցին՝ համամի՞տ է քաղաքագետների այն դիտարկումների հետ, որ ԲՀԿ-ն այս անգամ անհամեմատ համեստ քարոզարշավ է վարում, քանի որ նպատակներն էլ, նախորդ անգամների հետ համեմատ՝ համեստ են, Ախոյանը պատասխանեց՝ կոռեկտության սահմաններում է. «ԲՀԿ-ն հասկանում է, որ ինչ լինելու է պարզ կլինի դեկտեմբերի տասին։ Մենք նախօրոք ոչինչ չենք ասում, անում ենք, նոր ենք ասում»։
Թեհմինա Վարդանյանը, հակառակը, նկատեց, որ ԲՀԿ-ն միշտ էլ ընտրակաշառք բաժանող ուժ է եղել, երբեք կոռեկտությամբ չի փայլել։ Նա նաև ընդդիմացավ «Ազգային առաջընթաց կուսակցությունից» Հայկ Գրիգորյանի առաջ քաշած այն թեզին, որ ընտրվելու դեպքում իրենք առաջարկելու են պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու օրենք սահմանել. «Երկրում լուծելու անհրաժեշտություն ունեցող այնքան առաջնահերթ խնդիր կա, որ այս հարցը բարձրացնելը չեմ հասկանում»։
Հայկ Գրիգորյանն էլ շեշտեց, որ իրենք առաջարկում են կապիտալը տարանջատել քաղաքականությունից, ընտրությունների գնալ ոչ թե բարձրագոչ անուններ շրջանառելով, այլ հստակ ծրագրեր առաջադրելով. «Վերացական, պոպուլիստական կենացների ու խոստումների հետևանքն է, որ քսան տարի այս վիճակում ենք։ Մեր ծրագրերը չափազանց հստակ են ու կոնկրետ, ինչ գրել ենք նախընտրական ծրագրում, կյանքի ենք կոչելու։ ԱԺ ամբիոնն օգտագործելու ենք մարզային խնդիրների բարձրաձայնման և լուծման համար»։
Հարակից հրապարակումներ`
- Մինչև այս պահը Հայաստանում լուծված չէ ոչ ստվերի, ոչ մենաշնորհների հարցը. Խ.Քոքոբելյան
- Ոստիկանությունը՝ «Ազգային առաջընթաց»-ին. Հակառակ դեպքում այն կարել է որակել էժանագին հնարք
- «Ազգային առաջընթաց». Նոր իրավիճակում նոր լուծում կարող են լինել համակարգային փոփոխությունները
- Մենք ունենալու ենք լավագույն ծրագրերից մեկը. ԲՀԿ պատգամավոր
- «Ժամանակ». ԲՀԿ քարոզարշավը կլինի դահլիճներում
- «Մենք»-ը չի լինելու գրպանային ընդդիմություն. Քոքոբելյան
- Պոլ Սքոուլզը ջնջել է Մոուրինյոյի անունը