Արցախի նախագահը ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր ստորագրել է հրամանագիր 2019 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ ըստ հրամանագրի` 2019 թվականի հունվար ամսում կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Հրամանագրի համաձայն` 2019 թվականի հունվար ամսում կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները: