ԳԱԿ-ում կբացվի Միկա Վաթինյանի ցուցադրությունը
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում դեկտեմբերի 1-ին կբացվի Միկա Վաթինյան. «Գաղտնի հավասարումներ» ցուցադրությունը։ Այս մասին հայտնում են Գաֆէսճեան արվեստի կենտրոնից։
«Միկա Վաթինյանի «Գաղտնի հավասարումներ» (2017-18 թթ.) շարքը կազմող տասնմեկ նկարները կախված են կողք-կողքի` Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Ինտերակտիվ ուսումնական կենտրոնում: Դրանք բոլորն էլ 200x150սմ չափսերի են և հիմնականում բաղկացած են սև ու սպիտակ բծերից և քերծվածքներից, որոնք ԻՆՉ ՈՐ ԲԱՆ թաքցրել են կամ ջնջել: Թվում է թե այն ինչ քողարկված է մեր աչքերից` անկանոն ցանցերով շարված ու մաթեմատիկական նշաններով բաժանված թվեր են։ Այսպիսով, գեղանկարները հառնում են որպես հանելուկ և դրանցում առկա հուշումները` կրկնվող մաթեմատիկական հավասարումները, արվեստագետի բազմապատկված լուսանկարը և այլ բանալիները ուղղորդում են դեպի բացահայտվելիք իմաստը։ Սակայն, որքան երկար ու մոտիկից ենք զննում այս լաքաներն ու խզբզանքները, այնքան աղոտ է դառնում թե հատկապես ինչումն է դրանց իմաստը։ Շարքն աստիճանաբար նմանվում է սուպրեմատիզմից մինչև կոնցեպտուալ արվեստ ստեղծված ժառանգության երգիծանքի` ներկայացված որպես զավեշտալի մի «իկոնոստաս»։ Արդյո՞ք իմացության և ճշմարտության անհնարինության մելամաղձոտ գիտակցումն է սա` արվեստի սեփական «վախճանի» համար մի սուգ:
Իր գործունեության ընթացքում Վաթինյանը (ծնվ. 1972, Երևան) բազմիցս անդրադարձել է այս հարցին: 1994 թ.-ին ավարտելով Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտը, նա այսօր հայտնի է որպես «Դինջես» պոպ-խմբի անդամ, դերասան ու ռեժիոր ով նաև «ներխուժել է» ժամանակակից արվեստի դաշտ: Մատնանշելով արվեստային գործնեության շուրջ ծավալված անորոշության ընդհանուր վիճակը, «Գաղտնի հավասարումները»` Վաթինյանի ֆիլմերի և լուսանկարչական աշխատանքների պես, հարցնում են. ինչու՞մն է այն արվեստի խոստումը, որը գայթակղում է մեծ ակնկալիքներով, որպեսզի մեզ շփոթված և մոլորված թողնի իր հետ առնչվելուց հետո։
Արվեստը` ինչպես հուշում են Վաթինյանի գործերը, պատմության դաս չէ կամ ընթացիկ խնդիրների մասին «թարմացում»: Դպրոցական տետրակի էջերի պես, այս նկարները կրկնում և վերսկսում են նույն վարժությունը` ջնջելով, վերանայելով և ձախողելով այն: Արդյունքում, արվեստը դառնում է մի բան որը «տեղի է ունենում» ոչ այնքան արարման, այլ դեկոնստրուկցիայի, ավերման ու անդադար իմացական վերամշակումների միջոցով: Չնայած դրան, հին մոդելների և գաղափարների մնացորդները պահպանվում և ենթարկվում են վերանայման: Այս գործընթացը մեզ չի խոստանում ինչ որ կանխորոշված կաթարսիս։ Փոխարենը այն առաջարկում է խաթարված բանաձևերից անդին ու ապագայում գտնվող գեղագիտական և փիլիսոփայական նոր պայմանների հեռանկարներ»,- հայտնում են ԳԱԿ-ից:
Նախագծի համադրողն է Վիգեն Գալստյանը: Ցուցահանդեսը կազմակերպվել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի աջակցությամբ: Նախագիծն իրականացվել է Արվեստ Հայաստան հիմնադրամի «Արվեստի նախագծերի ֆինանսական օգնություն» ծրագրի շրջանակներում:
Ցուցահանդեսը կտևի մինչև 2019թ.-ի փետրվարի 24-ը։ Մուտքն անվճար է: