Մենք սիրում ենք Հայաստանն՝ անկախ իշխանություններից. Զատուլին
Երևանում մեկնարկել է «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստը։ Բացման խոսքում ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն ասաց. «Այսօր Հայաստանն ապրում է շատ կարևոր ներքին գործընթացներ և մենք հետաքրքրված ենք, որ ոչ մի րոպե չդադարի կարծիքների փոխանակումն ու կենդանի շփումը մեր հասարակությունների միջև բոլոր ոլորտներում՝ թե տնտեսությունում, թե քաղաքականությունում, թե մշակութային կյանքում։ Գիտենք, որ շուտով Հայաստանում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ և հասկանում ենք, որ անցկացնում ենք այս ակումբի նիստը Հայաստանի համար շատ կարևոր ներքաղաքական ժամանակաշրջանում: Բայց մենք, ցանկանում եմ շեշտել՝ ցանկացել ենք լիովին հեռանալ այսօր այստեղ Հայաստանի կամ, օրինակ, Ռուսաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ տեսլականների քննարկումից»:
Զատուլինը նշեց, որ մինչ նիստը իրենց շատ էին ասում, որ լավ կլիներ այն հետաձգել. «Ասում էին, որ ոչ մի դեպքում հիմա Հայաստանում ոչինչ անցկացնել չի կարելի, այնտեղ հիմա շատ պատասխանատու պահ է, Աստված չանի, ինչ-որ բան այնպես չգնա կամ ինչ-որ մեկն այնպիսի բան չասի: Ես ուզում եմ առաջին հերթին ասել, որ մենք սիրում ենք Հայաստանը՝ անկախ նրանից, թե ինչ կառավարություններ, նախագահներ, իշխանություններ են այն ղեկավարում»։
Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահը նշեց, որ այս նիստի ընթացքում քննարկվելու է երկու ժողովուրդների խաղաղ կյանքի հարցը` խաղաղ սահմանների ու անվտանգության պայմաններում: Նաև հավելեց, որ հարգանքով է մոտենում այն հանգամանքներին, որոնք թույլ չեն տվել Հայաստանի ներկա ու նախկին ղեկավար կազմերին ներկա գտնվել ակումբի գործունեությանը՝ չնայած, որ իրենք հրավիրել են բոլորին։