Թրամփը չեղարկեց Պուտինի հետ հանդիպումը Արգենտինայում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, որը սպասվում էր Արգենտինայում՝ նոյեմբերի 30-ին ու դեկտեմբերի 1-ին կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Այսպիսի որոշում Թրամփը կայացրել է՝ ծանոթանալով Կերչի նեղուցում տեղի ունեցածի վերաբերյալ զեկույցի հետ։
«Հաշվի առնելով այն փաստը, որ ուկրաինական նավերն ու նավաստիները չեն վերադարձվել Ուկրաինա Ռուսաստանից, ես որոշել եմ, որ բոլոր կողմերի համար լավ կլինի չեղարկել իմ պլանավորված հանդիպումը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Արգենտինայում»,-թվիթերում գրել է Թրամփը։
Այս գրառումից 1 ժամ առաջ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ «հիմա շատ լավ ժամանակ է» Պուտինի հետ հանդիպելու համար։
Նախօրեին էլ Թրամփը խոսելով Կերչի նեղուցում նոյեմբերի 25-ին ռուս-ուկրաինական բախման մասին, ասել էր, որ «իրեն դուր չի եկել» Ռուսաստանի կողմից ուկրաինական 3 նավերի առգրավումն ու կոչ էր արել ԵՄ առաջնորդներին «միջամտել»։ Թրամփը, սակայն, քննադատություններ չէր հնչեցրել նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ՌԴ-ն հայտնել էր, որ ուկրաինական ռազմական նավերը Ազովի ծովում հատել են իր սահմանը, որի արդյունքում 3 նավեր առգրավվել են, 24 նավաստիներ ձերբակալվել են ու 3-ը վիրավորվել։ Ղրիմի դատարանն ավելի ուշ որոշում էր կայացրել 12 ուկրաինացիներին 60 օրով կալանավորելու մասին։ Ուկրաինան Ռուսաստանի քայլը համարում է «ագրեսիա», Ռուսաստանն էլ իր հերթին Ուկրաինային մեղադրում է «սադրանքի» մեջ ու նշում, որ նրա նավերն անօրինական մուտք են գործել իր ծովային ջրեր։
Ուկրաինայում տեղի ունեցածի հետևանքով ռազմական դրություն է հաստատվել նոյեմբերի 26-ից՝ 30 օրով, նախագահ Պետրո Պորոշենկոյի կողմից ներկայացված 60 օրվա փոխարեն։ Ռազմական դրությունն աննախադեպ է Ուկրաինայի համար, որը զինվորական իշխանությանը իրավունք է տալիս արգելել ցույցերն ու բողոքները, սահմանափակել անգամ մամուլի գործունեությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան