Եթե չունենանք ուժեղ համայնք, չենք ունենա ուժեղ պետություն. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն այսօր աշտարակցիների հետ հանդիպմանը ներկայացրեց տեղական ինքնակառավարման մարմինները զարգացնելու իրենց տեսլականը:
Նրա խոսքով՝ այս տարիների ընթացքում այնպես է արվել, որ համայնքները լինեն փոքր, թույլ, չզարգացող, և նրանք օգտագործվեն ընտրությունից ընտրությունից իշխանության վերարտադրությունն ապահովելու համար:
«Մենք գտնում ենք, որ համայնքները հնարավորինս շատ լիազորություններ պիտի ստանան, հիմա համայնքի ղեկավարները լայն լիազորություններ չունեն, իսկ եղածներն էլ չեն կարողանում իրականացնել և տարիներով ընդունված է եղել, որ նշանակված մարզպետները հավաքվել են մի դահլիճում, սկսել են գոռգոռալ համայնքի ղեկավարների վրա՝ ասելով, որ լավ չեն աշխատում, այն դեպքում, երբ մարզպետները մեկ ստորագրությամբ ազատվում են, իսկ համայնքի ղեկավարները ընտրվում են ժողովրդի կողմից: Քաղաքական իմաստով դա արվում է ենթարկելու համար: Բայց, երբ նայում ենք, քաղաքական մասով նրանք ընդհանրապես որևէ հնարավորություն չեն ունեցել՝ որևէ խնդիր լուծելու տվյալ համայնքում: Դա կլինի համայնքներում աղբահանության, ջրագիծ անցկացնելու, լուսավորության, թե այլ խնդիր»,- նշեց էդմոն Մարուքյանը:
Ներկայացնելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ համայնքների զարգացման տեսլականը՝ պատգամավորն ասաց, որ ըստ իրենց՝ համայնքները պետք է ուժեղանան, դրա համար պետք է թուլանան մարզպետարանները, հնարավորինս պետք է նվազեցվեն դրանց լիազորությունները:
«Մենք գտնում ենք, որ պետք է վերանայեն մարզպետարանների գործող համակարգը և մեծացնեն տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները: Համայնքները պետք է քայլ առ քայլ որոշումներ կայացնելու ունակությունները զարգացնեն: Մենք երբեք չեն պայքարել հետևանքների դեմ, մինչդեռ հետևանք է, որ համայնքում տեղական տուրքերը չեն հավաքվում, բայց ո՞րն է պատճառը: Այսինքն՝ օրենքով դրվել են հիմքերը, որ համայնքները չզարգանան: Արդյունքում, գյուղերը դատարկվել են, համայնքները թուլացել են, իրենց վրա դրված պարտականությունները չեն կարողացել իրականացնել և դարձել են կենտրոնական իշխանություններից անընդհատ միջոցներ ուզողներ»,- ընդգծեց պատգամավորը:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ հիմա իրենք գալիս են այդ խնդիրները լուծելու. «Եթե մենք այս հարցերը չբարձրաձայնենք, կարող է հարմար համակարգ համարվի նաև այսօրվա իշխանությունների համար ու այդպես պահպանվի: Դրա համար ինստիտուցիոնալ լուծումներ են պետք: Եթե մենք չունենանք ուժեղ համայնք, չենք ունենա ուժեղ պետություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան