Արցախյան հակամարտության «կարգավորման հարցը» Զատուլինը հերթագրում է ընտրություններից հետո
«Դեկտեմբերի 6-ին, ինչպես գիտեք, կայանալու է ԱՊՀ երկրների առաջնորդների հանդիպումը: Դժվար է գուշակություններ կտարել, թե ինչ տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Էթիկայի նորմերից ելնելով ևս՝ ես հիմա չէի ուզի կրակի մեջ յուղ լցնել՝ ասելով այս իրավիճակում՝ ում ճիշտ կլիներ քարտուղար նշանակել, ում՝ ոչ», - «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը` անդրադառնալով՝ ՀԱՊԿ քարտուղարի նշանակման հարցին։
Նրա խոսքով՝ իրավիճակը ստանդարտ չէ, քանի որ ՀԱՊԿ կանոնակարգով նման իրավիճակների համար կանոններ մշակված չեն։ Զատուլինը վստահ է, որ դրանք կմշակվեն ու հարցը կքննարկվի դրանց համաձայն:
Խոսելով Հայաստանի և Ռուսաստանի ներկայիս հարաբերությունների մասին՝ պաշտոնյան ասաց. «Ներկայիս հարաբերությունները գործընկերային են։ Որքանով ինձ հայտնի է՝ ներկայում ոչ ոք այս հարաբերությունների բնույթը հարցականի տակ չի դնում: Դուք գիտեք, որ մեր երկրների ղեկավարները պարբերաբար հանդիպում են և մտքեր փոխանակում: Հասկանալի է, որ Հայաստանում տեղի ունեցածը, ինչը Հայաստանում անվանում են հեղափոխություն, իր ազդեցությունն է ունեցել ոչ միայն ներքին, այլև՝ արտաքին օրակարգի վրա»։
Զատուլինն ընդգծեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը փոխկապակցված են Կովկասում պաշտպանության և անվտանգության տեսանկյունից։
Լրագրողները Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալից հետաքրքրվեցին նաև Արցախի հակամարտության խնդրի ներկայիս վիճակից, ինչին ի պատասխան ասաց. «Ինձ թվում է հիմա դադար է վերցված, չգիտեմ դա որքանով է արդարացված, բայց կարծում եմ, որ բարձր մակարդակի քաղաքական գործիչները գնահատում են այն փաստը, որ Հայաստանում անցկացվելու են ընտրություններ։ Բայց արցախյան հակամարտության կարգավորումը սպասում է իր հերթին և այն ոչ մի կերպ չի կարող դրվել երկարաժամկետ հետաձգվող հարցերի դարակի մեջ»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք սիրում ենք Հայաստանն՝ անկախ իշխանություններից. Զատուլին
- Արա Բաբլոյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
- Սեմերիկովը մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված հարցերը