Պետք է նպաստել կրթության և գիտելիքի վարկանիշի բարձրացմանը. Ա. Ավետիսյան
«Երկրի զարգացման տեսանկյունից ամեն ինչ փոխկապակցված է, դրա հիմքը կրթություն է։ Այս ոլորտում «Մենք» դաշինքը տարբեր առաջարկություններով է հանդես գալիս»,- «Կրթական ոլորտի հիմնախնդիրներն ու դրանց լուծման տարբերակները՝ ըստ քաղաքական ուժերի» թեմայով քննարկմանն ասաց «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Աստղիկ Ավետիսյանը։
Նա նշեց, որ կրթության բարձր որակը, արդարության և հավասարության սկզբունքը երկրի զարգացման և բարեկեցիկ կյանք ունենալու համար կարևոր ցուցիչներն են։ Ա. Ավետիսյանի խոսքով, առաջին մարտահրավերը, որ կա կրթության համակարգում, պետք է նպաստել կրթության և գիտելիքի վարկանիշի բարձրացմանը, որը վերջին տարիներին բավականին մեծ անկում է գրանցել։ Նա նշեց, որ իրենց ծրագրի համաձայն, 25 տոկոսով պետք է բարձրացվի գիտնականների, մանկավարժների, բժիշկների աշխատավարձերը։
Ա. Ավետիսյանի խոսքով, իրենք կարևորում են աշխատաշուկայի ուսումնասիրությունը, դպրոցականների մասնագիտական կողմնորոշման ինստիտուտի կայացումը։
«Կարևոր է մարզային և մայրաքաղաքային դպրոցների անհավասար պայմանների վերացումը»,- ասաց պատգամավորության թեկնածուն։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Արփի Կարապետյանն ասաց, որ իրենք որդեգրել են քաղաքականություն՝ առարկայական, ինտենսիվ բարեփոխումներ իրականացնել բոլոր ոլորտներում՝ հիմնվելով մասնագիտական որակների և կոմպետենտ մարդկանց վրա։ Նա նշեց, որ դա վերաբերում է նաև կրթությանը, որտեղ շատ կարևոր է հավասար իրավունքների արժեքավորումը։
«Այստեղ շատ կարևոր է ու առանցքայինն այն է, որ մարդը դիտարկվում է ավելի շատ որպես նպատակ, ոչ թե միջոց այդ ամենին հասնելու համար»,- ասաց Ա. Կարապետյանը։
Նա շեշտեց դպրոց-բուհ, բուհ-աշխատաշուկա հարաբերությունները։
ՀՅԴ պատգամավորի թեկնածու Խաչատուր Ստեփանյանի խոսքով, իրենց ծրագրում հատկապես կարևորվում է կրթություն-բիզնես զուգորդումը, կրթական ծրագրերն առաջ տանել պահանջարկին համապատասխան։ Նա նշեց, որ նախատեսում են ամբողջ կրթական համակարգը վերանայում։
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Գայանե Աբրահամյանն ասաց, որ իրենց ծրագիրը հիմնականում անհատի զարգացման, անհատի զարգացման հնարավորություններին պետության հանձնառության վերաբերյալ է։ «Այստեղ կարևորագույն հիմք ու դեր ունի կրթությունը, այն դիտարկվում է կարևորագույն սոցիալական վերելակ, որը հնարավորություն է տալու աճելու, զարգանալու, նաև աղքատության հաղթահարման կարևոր հիմք է»,- ասաց Գ. Աբրահամյանը։
Նա կարևորեց ուսուցիչների հեղինակության, աշխատավարձերի բարձրացումը։