Վիկտոր Սողոմոնյանը պարզաբանում է՝ ով և երբ է Արցախը դուրս թողել բանակցային գործընթացից
«Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Բոլորին հայտնի է, որ Ղարաբաղը քվեարկել է իր անկախության համար՝ համապատասխան միջազգային իրավունքի չափորոշիչների, ապա պաշտպանել այդ անկախությունը»,-այսօր «Լազարյան ակումբի» երևանյան նիստում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, քաղաքագետ Վիկտոր Սողոմոնյանը:
«2006 թվականին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարց տվեցին՝ որտե՞ղ է հայկական կողմի փոխզիջումների սահմանը: Սահմանը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է ԼՂՀ անկախության փաստացի մակարդակը, որը գոյություն ունի այսօր: Անցյալին վերադարձ չի կարող լինել, Լեռնային Ղարաբաղը պետք է լինի անկախ պետություն և հետո ինքը որոշի՝ մնա անկախ, թե միանա Հայաստանին: Սա է հնարավոր փոխզիջումների սահմանը»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը՝ նշելով, որ Ղարաբաղում 2 սերունդ է մեծացել, որն ապրում է անկախ և չի պատկերացնում, որ կլինի Ադրբեջանի կազմում:
Բանախոսն անդրադարձավ նաև այն թեմային, թե ով և երբ է Արցախը դուրս թողել բանակցային գործընթացից:
«Ասում են, թե իբր դա եղել է այն ժամանակ, երբ ԼՂՀ ներկայացուցիչները Հայաստանում բարձր պաշտոններ են զբաղեցրել: Սակայն դա այդպես չէ: Ժիրայր Լիպարիտյանը դեռ 1997-ին հայտարարել է, որ բանակցությունների արդյունավետությունը մեծացնելու համար հայկական կողմը համաձայնել է, որ Լեռնային Ղարաբաղը որոշ ժամանակ չմասնակցի բանակցություններին, դրանք ընթանան Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև:
Հենց այս պահից ԼՂՀ-ն դադարեց մասնակցել բանակցություններին, ինչը խաթարեց դրանց բանակցությունների բնականոն ձևաչափը: Եվ այո՛, Ղարաբաղի վերադարձը բանակցային սեղան, Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև բանակցությունների մեկնարկը կարտացոլեն հակամարտության իրական կողմերը»,- շեշտեց Վիկտոր Սողոմոնյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանն «Իսկանդերին» համարժեք պատասխան չունի, բայց Բաքուն շարունակելու է փնտրել գործընկերներ. Եվսեև
- Պաշտոնական Բաքվի դիրքորոշումը փակուղային իրավիճակ է ստեղծում. Վլադիմիր Կազիմիրով
- Արցախյան հարցով բանակցությունների համար նոր պոտենցիալ հնարավորություններ են ստեղծվել. Արման Մելիքյան
- Զատուլինի կարծիքով՝ պետք է ուշադրություն դարձնել Ադրբեջանին զենքի վաճառքի հետ կապված Հայաստանի մտահոգություններին
- Արցախյան հակամարտության «կարգավորման հարցը» Զատուլինը հերթագրում է ընտրություններից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին