Գիտնականները շարունակում են Նոյյան տապանը գտնելու փորձերը
Գիտնականները շարունակում են փորձերը գտնելու Նոյյան տապանը, չնայած դրա գոյության մասին որևէ փաստ այդպես էլ ապացուցված չէ։ Ռիա նովոստին գրում է, որ օրերս իրանցի հետազոտողները հանդես են եկել սենսացիոն հայտարարությամբ՝ տապանն ամենևին էլ Արարատ լեռան վրա չէ:
Աստվածաշնչում ասվում է, որ Նոյյան տապանը կանգնել է արարատյան լեռների վրա: Հենց դա էլ թույլ է տվել իրանցի գիտնականներին ենթադրել, որ կոնկրետ Արարատը, որը գտնվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում, ամենևին էլ այն լեռը չէ, որի մասին հիշատակվում է աստվածաշնչյան պատմության մեջ:
«Քիչ հավանական է, որ Նոյի ժառանգները հետո բնակվեին Միջագետքի հարթավայրում, քանի որ նրանց ճանապարհին կհայտնվեին անանցանելի լեռներ, իսկ ամենահեշտը կլիներ ճանապարհը Եփրատ գետով, ինչը հակասում է Աստվածաշնչի 11-րդ գլխին, որտեղ ասվում է, որ Նոյի ժառանգները Միջագետք են եկել արևելքից»,- վստահ են իրանցի հետազոտողները:
Արարատյան լեռներ ասելով Կենաց Գրքի կազմողներն, ավելի շուտ, նկատի են ունեցել Ուրարտու պետությունը, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. 13-ից 6-րդ դարերում, ժամանակակից Հայաստանի, արևելյան Թուրքիայի և հյուսիս-արևմտյան Իրանի տարածքում: Ուսումնասիրելով աստվածաշնչյան վկայություններն այդ երկրի մասին, իրանցի հետազոտողները եկել են եզրակացության, որ Նոյյան տապանը պետք է փնտրել Իրանի հյուսիս-արևմուտքում:
Հնագետները ենթադրում են, որ Աստվածաշնչում խոսքը Տահտե Սոլեյման լեռան մասին է: Այդ հանգած հրաբխի գագաթին գտել են քարացած փայտի մնացորդներ, որոնք չափսերով համընկնում են Աստվածաշնչում նկարագրված տապանի հետ: Քննադատներն իրանցի գիտնականների փաստարկները համոզիչ չեն համարում: Նաև նշում են մի շարք անճշտություններ:
«Տահտե Սոլեյման լեռը գտնվում է տարածքում, որը երբեք չի մտել Ուրարտու պետության կազմի մեջ»,- ասել է կրոնագետ Իլյա Վեվյուրկոն: Համաշխարհային ջրհեղեղի պատմության մեջ կարևորագույն դետալ կա՝ Նոյը կանգնել է այն տեղում, որն առաջինն է երևացել ջրի տակից:
«Պատճառը, որ հենց Արարատ լեռն է համարվում հենց այն աստվածաշնչյան Արարատը, այն է, որ Արարատն ամենաբարձրն է տարածաշրջանում»,- բացատրում է Վեվյուրկոն:
Այդ ավանդույթն առնվազն երկու հազար տարեկան է: Հրեա պատմաբան Հովսեփ Փլավիոսը մ.թ. առաջին դարում գրել է, որ այդ լեռը գտնվում է Հայաստանում և հայերն այդ տեղն անվանում են կանգառ, որտեղ տապանը մնացել է դարերով և ցույց են տալիս դրա մասերը: Հենց համաշխարհային ջրհեղեղի պատմականության անուղղակի ապացույցներն են, որ հանգիստ չեն տալիս տապանի բազմաթիվ որոնողներին: Միայն վերջին 100 տարում լեգենդար նավը «հայտնաբերել են» շուրջ 20 անգամ: Հիմնականում գտածոն եղել է Արարատ լեռան վրա: Չնայած բոլոր այդ «հայտնագործություններին», տապանի փնտրտուքը շարունակվում է և ԶԼՄ-ներում պարբերաբար «սենսացիաներ են» հայտնվում: Իսկ Նոյյան տապանը մնում է մարդկության մեծագույն հանելուկներից մեկը:
Հարակից հրապարակումներ`
- Գիտնականները նորից գտել են Նոյան տապանը
- Արարատի գագաթին չինացի գիտնականները գտել են Նոյան տապանի բեկորներ
- Բիլ Փլիմփթոնը տեղեկացել է, որ Արարատ լեռան վրա իջել է Նոյան տապանը և խորհուրդ է տալիս հայերին այդ հատվածում զարգացնել զբոսաշրջությունը
- Ամերիկացիները ցանկանում են Նոյան տապան կառուցել
- «CNN». Շատերը հավատում են, որ Նոյան Տապանը դեռ Արարատի գագաթին է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան