Գագիկ Ծառուկյան. Իրական կյանքում 100 դոլար աշխատե՞լ եք
Նախընտրական քարոզարշավի 6-րդ օրը խորհրդարանական ընտրություններին մասնակից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուները հանդիպումներ են անցկացնում Արագածոտնի մարզի բնակավայրերում։ Նրանք այս պահին Թալինում են, մինչ այդ հանդիպել են մարզկենտրոն Աշտարակի ընտրողների հետ։
Հիշեցնենք, որ մարզն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում ԲՀԿ-ան տարածքային ցուցակով առաջադրել է 7 թեկնածու՝ Արագած Ախոյան, Նորա Առուստամյան, Հռիփսիմե Ավետիսյան, Կարեն Գրիգորյան, Արծվիկ Նիկողոսյան, Գրիգոր Պետրոսյան, Ռաֆայել Փիլիպոսյան։
Աշտարակում էլ հանդիպման ընթացքում խոսեց միայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, թեման նույնն էր՝ վարկեր, հարկեր, կրթություն, առողջապահություն, բժշկական ապահովագրություն, բարձր աշխատավարձ, աշխատատեղեր։
«Եղեգնաձորում հանդիպեցի մի տատիկի, յոթ օր է ոտքը կոտրած, գիպսի մեջ չեն դնում, փող են ուզում 120 հազար դրամ։ Լավ, ասենք տատիկի երեխաները այստեղ չեն, բա ո՞նց կարելի է բժշկությունն էդքան անխիղճ լինի, տատիկի ոտը գոնե գիպսի մեջ չդնեն»,-ասաց Գագիկ Ծառուկյանն ու առաջարկեց՝ յուրաքանչյուր մարզում մեկական, Երևանում երկու հիվանդանոց սարքեն անվճար, կամ էլ վաուչերներ տրամադրեն առողջապահական ծառայություններից օգտվելու համար։
Նա կարծում է, որ բոլոր խնդիրները լուծում ունեն, չլուծվող խնդիր չկա։
«Ծառուկյանը ոչ թե եկել է ձեզ համոզելու, ձայն խնդրելու։ Ծառուկյանն արել է, անելու է ոչ թե պաշտոնի համար, դա չարչարանք է, պատասխանատվություն է։ Ես նայում եմ, բոլորը խոսում են, ասում են, ներկայացնում են։ Հիմա հարցնում եմ՝ իրական կյանքում հարյուր դոլար աշխատե՞լ եք, ինչ-որ ծրագիր իրականացրե՞լ եք, որևէ ոլորտ զարգացրե՞լ եք, մրցունակ դարձրե՞լ եք։ Ասելը հեշտ է, բայց իրականում այլ բան է»,-ասաց Ծառուկյանը։
Նրա խոսքով, ինքը շահույթ չհետապնդելով ներդրումներ է կատարում Հայաստանի տարբեր ոլորտներում, որպեսզի արտասահմանցի գործընկերներին ցույց տա, հպարտանա արդյունքով։
«Մեր ժողովուրդը աշխատող է, պետք է այնպիսի հնարավորություն լինի, որ մարդն աշխատի ու լիարժեք ժպիտով տուն գնա»,-ասաց նա` ավելացնելով, որ իր առևտրի կենտրոնից օգտվողներին մի քանի տարով ազատել է վճարներից, ինչի արդյունքում մարդիկ իրենց պարտքերն են փակել, ներդրում արել իրենց փոքր բիզնեսում, բարեկարգել իրենց առևտրի կետը։
Նա պետությանն էլ կոչ արեց, որ նման մոտեցում որդեգրի, հարկային արտոնություններ սահմանել, որ բիզնեսը սկսի շնչել, մարդիկ էլ աշխատատեղ կունենան։
Հարակից հրապարակումներ`
- Մեր ժողովրդի մատից հարկավոր է փուշ հանել. Գագիկ Ծառուկյան
- Գագիկ Ծառուկյան. Բանկային համակարգ չունենք, դա լոմբարդային համակարգ է
- Գագիկ Ծառուկյան. Տնտեսական ճգնաժամի պայմաններում հարկեր չեն բարձրացնում
- Տնտեսական աճը ժողովուրդը զգում է իր սառնարանը բացելուց. Ծառուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում