Հայաստան կժամանեն Թայվանի ՏՀՏ ոլորտի առաջնորդներ
«2019-ի փետրվար և մարտ ամիսներին Հայաստան կժամանեն Թայվանի ՏՀՏ ոլորտի առաջնորդներ», - այս մասին Դիլիջանում ընթացող 6-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումի շրջանակում հայտնել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկութունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը:
Ա. Եսայանը մասնավորապես նշել է, որ Թայվանում հանդիպումներ է ունեցել Թայվանի Taitra՝ 63 երկրներում գործող առևտրային կազմակեերպության նախագահ Ջեյմս Հուանգի, Hsinchu գիտության և տեխնոլոգիաների խոշորագույն պարկի ղեկավարի, Թայվանի տեղեկատվական ծառայությունների արդյունաբերության նախագահ Իվոն Չուի, DIGITIMES-ի նախագահ Քոլեյ Վանգի և այլ առաջնորդների հետ:
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից մանրամասնում են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել վերջիններիս Հայաստան այց կատարելու մասին: Պատվիրակների աշխատանքային խմբում կլինեն նաև մասնագետներ, ովքեր 1985 թվականին հաջողությամբ մշակել են Թայվանի ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգը:
ԱՏՁՄ-ն կկազմակերպի աշխատանքային հանդիպումներ Թայվանի պատվիրակների, ՀՀ Կառավարության և ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ փորձի փոխանակման և համագործակցության եզրեր ստեղծելու նպատակով:
Դիլիջանում ընթացող 6-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն երկօրյա ֆորումի շրջանակում ԱԱԾ-ի և ԱՏՁՄ-ի միջև ստորագրվել է «Հայաստանի կիբեր անվտանգությունն ապահովելու ոլորտում» համագործակցության մասին հուշագիր: Կողմերը կներդնեն իրենց փորձառությունը՝ ՀՀ կիբեր անվտանգության ոլորտում խնդիրների բացահայտման ու լուծումներ մշակելու, պատերազմական դրության ժամանակ անխափան համագործակցելու և ազգային անվտանգություն ապահովելու նպատակով:
Բիզնես ինովացիոն ֆորումին մասնակցում են Հայաստանի տնտեսության, գիտակրթական, առաջատար տեխնոլոգիական ոլորտի ընկերություններ, կառավարության ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ: