Արցախում առաջնահերթ կարևորություն ունի հաշմանդամություն ունեցողների իրավունքների պաշտպանությունը. ԱՀ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ուղերձ է հղել հաշմանդամություն ունեցող անձանց` միջազգային օրվա առթիվ՝ ընդգծելով նրանց իրավունքների պաշտպանության հանդեպ իր հատուկ ուշադրությունը:
«Ունենալով հետպատերազմյան հասարակություն և բնակչության շուրջ 6 տոկոսի հասնող հաշմանդամություն ունեցող անձանց քանակ (մոտ 8,900 անձ)՝ Արցախում առաջնահերթ կարևորություն ունի սոցիալական տվյալ խմբի իրավունքների պաշտպանությունը: Առ այսօր զգալի աշխատանք է տարվել նրանց հատկապես առողջապահության ու սոցիալական ապահովվածության ուղղությամբ, սակայն դեռևս նշանակալի անելիքներ կան բոլոր իրավունքների պաշտպանության հարցում:
Հասարակությունում գոյություն ունեցող կարծրատիպերը, ֆիզիկական միջավայրի մատչելիության ցածր մակարդակը, օրենսդրական թերի կարգավորումներն ու իրավակիրառ պրակտիկան, ինչպես նաև ֆինանսական սուղ միջոցները որոշակի խոչընդոտներ են ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից իրենց իրավունքների ինքնուրույն իրացման համար:
Մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է իր մտադրությունը համապարփակ կերպով ուսումնասիրել հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության իրավիճակն ու խնդիրները, որպեսզի հնարավոր լինի պետական լիազոր մարմիններին և քաղաքացիական հասարակությանն աջակցել վերհանված խնդիրների համակարգային լուծման հարցում: Այդ ճանապարհին Մարդու իրավունքների պաշտպանը հանձնառություն է ստանձնում իր նպաստը բերել Արցախում միջազգային խրախուսելի չափանիշների ներդրման գործին»,- նշված է ուղերձում։