«Սասնա ծռեր»-ը միանում է ՔՈ ՍԴԿ-ի առաջարկած համաձայնագրին
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը միանում է «Քաղաքացու Որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության՝ դեկտեմբերի 2-ի՝ ԱԺ-ում հայտնվելու պարագայում հասարակության հնարավորինս լայն շրջանակների ներգրավմամբ նոր սահմանադրության ձևավորման և համաժողովրդական ընդունման գործընթաց նախաձեռնելու վերաբերյալ առաջարկությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը։
Հիշեցնենք, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, հիմք ընդունելով ընտրություններին մասնակցելու իր վերապահումը, ըստ որի գործող Սահմանադրությունն ընդունվել է լայնածավալ ընտրախախտումների պայմաններում և հանրության լայն համաձայնության արտահայտություն չէ, հաշվի առնելով մեր և մյուս կուսակցությունների պարտավորությունը Հայաստանի ժողովրդի նկատմամբ, առաջարկում է ստորագրել փոխադարձ համաձայնագիր առ այն, որ ընտրվելու պարագայում նախաձեռնելու և սատարելու են նոր սահմանադրության ընդունման գործընթաց։
Կուսակցությունը հրապարակել է համաձայնագրի տեքստը.
«Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքական ուժերը, համարում ենք, որ գործող Սահմանադրությունը․
.ընդունվել է լայնածավալ ընտրախախտումների պայմաններում, կեղծվել է հանրաքվեի արդյունքները և հասարակական լայն համաձայնության արտահայտություն չէ,
.այն ձևավորվել է նախորդ քաղաքական համակարգը վերարտադրելու և պետական իշխանությունը սահմանադրության մակարդակով ուզուրպացնելու համար,
.դելեգետիմ Սահմանադրության պայմաններում ներկա հանրային հարաբերությունները, համակեցության հավաքական կանոնները և արժեքները ընդունելի չեն բոլորի համար, միմյանց հետ հարաբերվելու քաղաքացիական սկզբունքները համաձայնեցված չեն, որը ապագայում տեղիք է տալու բազմաթիվ հակասությունների ու ստեղծելու է ճգնաժամային իրավիճակներ։
Գիտակցելով մեր պարտքը և հանձնառությունը Հայաստանի ժողովրդի առաջ ժողովրդավարության, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների ու հանրային համերաշխության վրա հիմնված սահմանադրական կարգ հաստատելու գործում՝ գալիս ենք փոխադարձ համաձայնության առ այն, որ ընտրվելու և ԱԺ-ում հայտնվելու պարագայում նախաձեռնելու և սատարելու ենք հասարակական լայն և ներառողական մասնակցության և համաձայնության վրա հիմնված նոր սահմանադրություն ձևավորելու և ընդունելու գործընթաց»։