ՔՈ ՍԴԿ-ն ակնկալում է, որ կլինի խորհրդարանում
«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը հույս ունի, ընտրությունների արդյունքում ներկայացված լինել խորհրդարանում։ Panorama.am-ի հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը։
Նոյեմբերի 26-ից սկիզբ առած նախընտրական քարոզարշավը կուսակցության անդամը նորմալ է գնահատում, իրենց հնարավորությունների, ռեսուրսների սահմանում անում են ամեն բան։ Առավել շատ հանդիպումներ անցկացրել են Երևանում, կուսակցության անդամները հանդիպումներ են ունեցել հանրապետության տարբեր քաղաքներում։ Համարում են, որ ՔՈ ՍԴԿ-ն քարոզարշավի ընթացքում ամենաքիչ գումար ծախսած ուժն է։
«Հանդիպումների ժամանակ ներկայացնում ենք մեր ծրագիրը, վերջին մի քանի տարիների ընթացքում մեր գործունեությունը։ Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, հենց մարդիկ ճանաչում են մեզ, մեր նկատմամբ վստահությամբ են լցվում, հակված են քվեարկել մեր օգտին»,-ասաց Նահապետյանը։
Թե ինչպես կշարունակեն քարոզարշավը, հստակ չէ, ասում է, կախված է նաև իրենց շուրջ ձևավորվող իրավիճակից, այս պահին պլաններն այնպիսին են, որ կշարունակեն ծրագրի ներկայացումը՝ ավելի շատ ամփոփումներ անելով, վերջին օրերին էլ կուսակցության բոլոր անդամների մասնակցությամբ մի քանի միջոցառում է նախատեսվում։
Այս պահին ոչ ցանկություն, ոչ էլ հնարավորություն ունեն կանխատեսումներ անել ընտրություններից հետո իրենց հնարավոր արդյունքների վերաբերյալ։
«Նախ մեզ նման փոքր կուսակցությունը չունի ֆինանսական միջոցներ հարցումներ պատվիրելու համար։ Երկրորդը, մենք ընտրություններին սպորտային իրադարձության տրամաբանությամբ չէ, որ մոտենում ենք։ Ընդհանուր առմամբ ակնկալիքներն ու սպասելիքներն այնպիսին են, որ մենք կլինեն խորհրդարանում։ Իրականում մեր էլեկտորատաը բազմաշերտ է։ Նրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր ավելի շատ հետաքրքրված են ծրագրերով ու դրանց արդյունքով»,-ասաց ՔՈ ՍԴԿ անդամը։
Կուսակցությունում գիտեն, ընտրություններին մասնակից յուրաքանչյուր ուժ իր առաջ խնդիր է դնում մեծամասնություն դառնալ, ըստ այդմ էլ կառավարություն ձևավորել։ Սակայն հիմա այդ դեպքը չէ։ Մասնակից ուժերից մի քանիսը հայտարարել են խորհրդարանում երկրորդ տեղը զբաղեցնելու մտադրության մասին՝ համարելով, որ առաջին տեղում «Իմ քայլը» դաշինքն է լինելու։
«Իրականում այսօր բոլոր ուժերը չէ, որ առաջին տեղը բռնելու հնարավորություն ունեն։ Բայց դրանից հարցի էությունը չի փոխվում։ Մենք չենք գնում Ազգային Ժողով ընդդիմություն աշխատելու իշխանության մոտ։ Մենք գնում ենք Ազգային Ժողով՝ ծավալելու պատգամավորի լիազորությունից բխող գործողություններ՝ հանուն մեր ծրագրերի, սոցիալական արդարության, սահմանադրականության մեր բաձրացրած օրակարգերի։ Այդ օրակարգերի համար մենք գործողություններ կիրականցնենք թե կառավարություն ձևավորելու դեպքում, թե ԱԺ-ում, թե քաղաքացիական անհնազանդության կամ քաղաքացիական այլ միջոցառումներով, եթե չլինենք ԱԺ-ում»,-ասաց Մ. Նահապետյանը։
Եթե հանկարծ կուսակցությունը խորհրդարան անցնելու համար բավարար թվով ձայներ չստանա, ապա նրան փակվելը չի սպառնում, աշխատանքները շարունակելու են։
«Չենք նախատեսում չընտրվելուց վեց օր հետ կուսակցությունը փակել և տուն գնալ»,-նշեց նա։
Նշենք, որ երեկ կուսակցությունն առաջարկել է ստորագրել համաձայնագիր։ «Հիմք ընդունելով ընտրություններին մասնակցելու իր վերապահումը, ըստ որի գործող Սահմանադրությունն ընդունվել է լայնածավալ ընտրախախտումների պայմաններում և հանրության լայն համաձայնության արտահայտություն չէ, հաշվի առնելով մեր և մյուս կուսակցությունների պարտավորությունը Հայաստանի ժողովրդի նկատմամբ, առաջարկում է ստորագրել փոխադարձ համաձայնագիր առ այն, որ ընտրվելու պարագայում նախաձեռնելու և սատարելու ենք նոր սահմանադրության ընդունման գործընթաց»,-նշված է կուսակցության ֆեյսբուքյան էջում։
Հարակից հրապարակումներ`
- ՔՈ ՍԴԿ-ն մանդարին է բաժանել երեք վարչական շրջանում
- ՔՈ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը որպես խորհրդանիշ ընտրել է մանդարինը