Հույս ունեմ՝ կձերբազատվենք Փաշինյանի ու ՀՀԿ-ի սև ու սպիտակ խաղից. ՔՈ ՍԴԿ պատգամավորի թեկնածու
«Քարոզարշավն այնքան էլ այնպես չի անցնում, ինչպես կցանկանայինք։ Հույս ունեմ՝ գոնե վերջին հինգ օրում կձերբազատվենք սևի ու սպիտակի խաղից, որ խաղում են ՀՀԿ-ն ու Նիկոլ Փաշինյանը»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության պատգամավորության թեկնածու Արտակ Կիրակոսյանը՝ հավելելով, որ իրենք այլընտրանք են ընտրություններին մասնակից բոլոր ուժերին։
Նա ընդգծեց, որ իշխանության եկող ուժի՝ «Իմ քայլի» կողմից հստակ տեսլական չի տեսնում։
Ասուլիսին ներկա «Մենք» դաշինքի պատգամավորության թեկնածու Անի Խաչատրյանն իր հերթին չբացառեց, որ քարոզարշավի հաջորդ օրերին ևս կլինեն նոր ձերբակալություններ, որոնք կխանգարեն քարոզարշավին։
«ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին մեղադրանք կարելի էր առաջադրել ընտրություններից հետո կամ առաջ։ Օգտագործվում է վարչական ռեսուրսը։ Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանի ուժը վերցնելու է 60 և ավելի տոկոսը»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց քարոզարշավը բավականին լավ է ընթանում, ինքն ընթացքից գոհ է։
Անի Խաչատրյանը նշեց, որ իրենք բոլոր մյուս ուժերից տարբերվում են արևմտամետ դիրքորոշմամբ, իրենց դաշինքի երկու կուսակցություններն էլ երկար տարիներ քաղաքականության մեջ են, և ԱԺ-ում իրենց լիդերների անհրաժեշտությունը շատ կա։
«Ազգային Առաջընթաց» կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու Հայկ Փատյանը ևս շեշտեց վարչական ռեսուրսի կիրառման հանգամանքը՝ նշելով, որ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին ինքը բազմիցս պետական պետհամարանիշներով ավտոմեքենաներ է տեսել։ Սա այն դեպքում, երբ վարչապետի պաշտոնակատարն արձակուրդում է և չի կարելի, որ այդ ընթացքում վերջինիս պետական նշանակության փոխադրամիջոցներ ուղեկցեն։
«Մենք ստեղծում ենք համակարգ, որը կախված է միայն մեկ մարդուց, այնինչ պետք է ստեղծենք մեկը մյուսին բալանսավորող համակարգեր»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Որոշ ուժեր ուղղակի թրոլինգով են զբաղված. «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու
- Քաղտեխնոլոգը ՀՀԿ-ի և «Իմ քայլի» քարոզարշավներից պինգ-պոնգի տպավորություն է ստացել
- Քաղաքագետ․ ՀՀԿ-ն ՔՊ-ի փրկությունն է
- Իշխանությունը բավական ագրեսիվ քարոզարշավ է տանում. Վիգեն Հակոբյան
- Նախընտրական քարոզարշավի ժամանակ սև-սպիտակ պատկեր է գրանցվելու. քաղաքագետ