Հայաստանը էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում առաջատար է. համաժողով՝ Երևանում
Երևանում այսօր մեկնարկեց «Հայաստան. կայուն էներգետիկայի զարգացման փարոս» խորագիրով համաժողովը, որի նպատակն է ծավալել կայուն էներգետիկայի ոլորտում գոյություն ունեցող մարտահրավերների և դրանց լուծման հաջողությունների բազմակողմանի քննարկում՝ ԵՄ նոր հարևանության երկրների մասնակցությամբ: Երկօրյա համաժողովը կազմակերպվել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և Էներգախնայողության աջակցման հիմնադրամի նախաձեռնությամբ:
Համաժողովին մասնակցում են Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Մոլդովայի պետական և հասարակական կառույցների 120 փորձագետներ, ՀՀ տարածքում գործող դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ:
Էներգախնայողության աջակցության հիմանդրամի տնօրեն Աստղինե Պասոյանը նշեց, որ միջոցառումը նվիրված է կայուն էներգետիկայի խթանման ոլորտում Հայաստանի փորձին:
«Որքան էլ ասում ենք, որ մեր երկրում շատ խնդիրներ կան, բայց Հայաստանը էներգետիկայի, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում միանշանակ առաջատար է: Այսօր մի շարք երկրների ներկայացուցիչներ այստեղ են Հայաստանի փորձին ծանոթանալու, իրենց փորձը կիսելու համար, ինչպես նաև ստեղծելու տարածաշրջանային համագործակցության, երկխոսության և փորձի փոխանակման հարթակ»,- ասաց նա:
Աստղինե Պասոյանի խոսքով՝ համաժողովի մասնակիցները ներկայացնելու են նաև իրենց հետագա քայլերը:
«Այստեղ է կերտվում այն օրենսդրությունը, այն ազգային ռազմավարությունը, որը հետո կարող է բերել ներդրումների: Եթե չի արվում այս աշխատանքը, չի ստեղծվում ներդրումային պարարտ դաշտ, հետևաբար, չենք կարող ակնկալել ներդրումներ: Դրա համար Հայաստանը կոչում ենք կայուն էներգետկայի զարգացման փարոս, քանի որ մեր երկրում ընդունվել են ազգային ծրագրեր, դեռ 2004 թ-ին ընդունվել է «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքը, որն էլ թույլ է տվել մեր երկրում զարգացնել վերականգնվող էներգետիկան»,- նշեց հիմնադրամի տնօրենը:
Կոնրադ Ադենաուեր Հիմնադրամի Հարավային Կովկասի քաղաքական երկխոսության տարածաշրջանային ծրագրի տնօրեն Թոմաս Շրապելն էլ ասաց, որ Հայաստանի համար՝ հաշվի առնելով նրա աշխարհագրական դիրքը, էներգետիկ մատակարարումը և անվտանգությունը կարևոր նշանակություն ունեն:
Նրա խոսքով՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանում հստակ քայլեր են կատարվել: Այսօրվա դրությամբ Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության 31 տոկոսը ապահովվում է վերականգնվող աղբյուրներից:
«Դա արդեն մեծ արդյունք է, և մենք ուրախ կլինենք, որ նման առաջընթաց արձանագրվի նաև այլ ոլորտներում»,- ասաց Թոմաս Շրապելը: