Պետությունը պետք է երաշխավորի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների արժանապատիվ իրացումը. ՄԻՊ
Դեկտեմբերի 3-ը նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղերձ է հղել օրվա առթիվ.
«ՄԱԿ-ի կողմից սահմանված այս օրը ևս մեկ անգամ առիթ է բարձրաձայնելու, որ մեր երկրում առկա կարծրատիպերի արդյունքում հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ չեն դիտվում որպես իրավունքի կրող, հասարակության լիիրավ անդամ: Խնդիրն այն է, որ տարիներ շարունակ կիրառվող՝ հաշմանդամության բժշկական մոդելի պատճառով հաշմանդամություն ունեցող անձինք չեն դիտվել որպես իրավունքի լիիրավ սուբյեկտներ և չի կարևորվել նրանց անկախ ապրելու իրավունքը: Ուստի, չափազանց կարևոր է բժշկական մոդելից սոցիալական կամ, ինչպես նաև այն անվանվում է, մարդու իրավունքների մոդելի անցումը, որի շնորհիվ կկոտրվեն առկա կարծրատիպերը:
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցը մշտապես գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։
Պաշտպանն իր տարեկան զեկույցներում, ինչպես նաև պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանրային քննարկումների ժամանակ մշտապես բարձրաձայնում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները։
Այսօր դեռևս առկա են պետական կառույցներ, ուսումնական հաստատություններ, մշակութային օբյեկտներ, որոնք հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Պետությունը պետք է ստեղծի հավասար հնարավորություններ և պայմաններ, որպեսզի վերջիններս որպես իրավունքի լիարժեք սուբյեկտ ինքնուրույն իրացնեն իրենց իրավունքները։
Պետք է երաշխավորել հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ ներգրավվածությունը քաղաքական, մշակութային ու տնտեսական կյանքին։
Չափազանց կարևոր է նաև տեղեկությունների մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար, քանի որ այն նպաստում է ինքնուրույն որոշումների կայացմանը, իրավունքների և հնարավորությունների մասին իրազեկմանը և հասարակությունում լիարժեք ինտեգրմանը։
Հատուկ ուշադրության է արժանի հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրները։ Այսօր երեխաների համար դեռևս հասանելի կամ ամբողջովին հասանելի չեն հաշմանդամության վաղ հայտնաբերման և վերականգնողական անվճար ծառայությունները, ներառական կրթությունը, հատկապես` նախադպրոցական փուլում:
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման ոլորտում առկա խնդիրներին հիմնարար լուծումներ գտնելու համար անհրաժեշտ է համատեղ և սրտացավ աշխատանք»: