Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն արձագանքում է Գյումրիում 57-ամյա կնոջ մահվան մասին հրապարակումներին
Գյումրիում 57-ամյա կնոջ մահվան դեպքով հարուցված քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ չկա։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
«Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարվում է քննություն»,-ասաց նա։
Ավելի վաղ կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի դ եկտեմբերի 2-ին Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցի տներից մեկի դիմացից շտապօգնության մեքենայով «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել 1961 թվականին ծնված Շիրակի մարզի բնակիչը, ով հիվանդանոցում մահացել է: Նրա մոտ ախտորոշվել է «պոլիտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի փակ վնասվածք, տրավմատիկ շոկ, կոմա»:
Դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):
Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ:
«Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին, (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ»,-նշել էր ՔԿ-ն։
Որոշ լրատվամիջոցներ, վկայակոչելով տարածված խոսակցությունները, նշել են, որ սպանության հեղինակը ՌԴ ռազմաբազայի զինծառայող է։
Հրապարակումներին արձագանքել է Հայաստանում ՌԴ դեսպանատան մամլո ծառայությունը։ Տարածած մեկնաբանության մեջ ասված է.
«Ուշադրություն դարձրեցինք ք. Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողի՝ Հայաստանի քաղաքացու սպանության մեջ մասնակցության վերաբերյալ, հայկական մի շարք ԶԼՄ-ում հայտնված հրապարակումներին:
Տարակուսանքի զգացում է առաջացնում նման վերին աստիճանի ոչ մասնագիտական մոտեցումը տեղեկատվության հետ տարվող աշխատանքին, երբ ամբողջությամբ անտեսելով անմեղության կանխավարկածը՝ «ճչացող» վերնագրերի ներքո հրատարակվում են չստուգված և չհաստատված տվյալներ:
Նման անպատասխանատու վարքագիծը, հատկապես ընտրությունների այս ոչ դյուրին շրջանում, ձեռնտու է այն ուժերին, որոնք ցանկանում են սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա ռազմավարական և ավանդական բարեկամական հարաբերություններում»։