Օսիպյանը Լոռու ոստիկաններին հրահանգել է ուշադրության կենտրոնում պահել քրեական հեղինակություններին
Ազատ և թափանցիկ ընտրություններ ունենալով մտահոգված են նաև թեկնածուներն ու նախընտրական շտաբների ղեկավարները։ Վանաձորում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների ու նախընտրական շտաբների ղեկավարների հետ հանդիպմանը հույս է հայտնել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։
«Մերօրյա ոստիկանությունը որդեգրել է կանխարգելելու գործելակերպ»,- ընդգծել է Վալերիյ Օսիպյանը։
Նա հավաստիացրել է, որ Լոռու ոստիկանները տիրապետում են մարզում տիրող իրավիճակին, ուստի քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման նկատմամբ ցանկացած ոտնձգություն չի վրիպելու նրանց ուշադրությունից։
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Վալերիյ Օսիպյանը հանդիպել է նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմին։ Անդրադառնալով առաջիկա ընտրությունների ժամանակ ոստիկանության Լոռու մարզային վարչության գործելակերպին՝ հատուկ շեշտել է, որ գործեն անկաշկանդ և, ամենակարևորը, օրենքի շրջանակներում։
«Մենք պարտավոր ենք անթերի կատարել օրենքով մեզ վերապահված լիազորությունները՝ աննախադեպ ազատ ու թափանցիկ ընտրություններ արձանագրելու համար»,- նշել է ոստիկանության պետը։
Վալերիյ Օսիպյանը Լոռու ոստիկաններին խիստ հրահանգել է ուշադրության կենտրոնում պահել մարզի, այսպես ասած՝ քրեական հեղինակություններին՝ բացառելով նրանց ներգործությունը քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացման վրա։
Ոստիկանության պետի դեկտեմբերի 3-ին նախատեսված հաջորդ աշխատանքային այցը Տավուշում էր, որտեղ նույնպես անդրադարձել է առաջիկա ընտրություններին։