Մահացել է ռուս հայտնի գրող, Երևանի պատվավոր քաղաքացի Անդրեյ Բիտովը
Ռուսաստանում 81 տարեկան հասակում մահացել է ռուս ականավոր գրող, ռուս գրականության մեջ պոստմոդեռնիստական ուղղության հիմնադիրներից մեկը Անդրեյ Բիտովը: ՏԱՍՍ-ին հայտնել է գրողի թոռնուհին։
«Դա տեղի է ունեցել Մոսկվայում, հիվանդանոցում»,- հայտնել է նա։
Անդրեյ Բիտովը ծնվել է 1937 թվականին Լենինգրադում: Բլոկադայի ժամանակ տարհանվել է Ուրալ, հետո` Տաշքենդ: 1955-62 թթ., բանակում ծառայելու ընդմիջումով, սովորել է Լենինգրադի լեռնային ինստիտուտում: Գրել սկսել է 1956 թվականից: Պատմվածքների առաջին ժողովածուն` «Մեծ գունդ» վերնագրով (1963 թ.), խստորեն քննադատվել է: Սակայն Բիտովի գրքերը շարունակում էին լույս տեսնել: 1979 թ-ին նա դառնում է «Մետրոպոլ» չգրաքննվող ալմանախի հիմնադիրներից մեկը: Նրա գործերի տպագրությունը ԽՍՀՄ-ում արգելվում է, և դա Բիտովի համար նոր հորիզոններ է բացում` արտասահման, դասախոսություններ, հասարակական գործունեություն: «Վերակառուցման» քաղաքականության հռչակմամբ՝ 1986-ին վերադարձել է ԽՍՀՄ գրական կյանք, նաև ստացել արտասահմանյան ճամփորդություններ կատարելու հնարավորություն։ Այդ տարիներին աշխույժ մասնակցություն է ունեցել հասարակական կյանքին։ 1988 թվականին մասնակցել է Ռուսաստանի ՊԵՆ ակումբի ստեղծմանը, 1991 թվականից դրա նախագահն է։
Անդրեյ Բիտովը 1969թ. գրել է «Հայաստանի դասերը» գիրքը։ Այն ժամանակ Բիտովը ԽՍՀՄ գրողներից առաջինն էր, որ բացահայտ խոսել է Հայոց ցեղասպանության մասին և դատապարտել այն: 2015-ին Անդրեյ Բիտովն ամենամյա «Յասնայա պոլյանա» մրցանակաբաշխության «Ժամանակակից կլասիկա» անվանակարգում մրցանակի է արժանացել «Հայաստանի դասերը» գրքի համար։
Երևանի պատվավոր քաղաքացի, ԵՊՀ պատվավոր դոկտոր, մի շարք մրցանակների դափնեկիր Անդրեյ Բիտովը 2009-ին ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպը պատմել էր, թե ինչպես է առաջին անգամ` 43 տարի առաջ, եկել Հայաստան, և հիմա արդեն կորցրել է հաշիվը, թե դրան հաջորդող տարիներին քանի անգամ է այցելել մեր երկիր: Բայց ոչ միայն այցելել է, այլ սիրել է Հայաստանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան