ԲՀԿ թեկնածու. Էս երկրում միակ գործ անողը Ծառուկյանն է
ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչների հետ:
Մինչ Ծառուկյանի ելույթը, մարտունեցիներին դիմեց մարզում ռեյտինգային կարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Սողոմոն Սողոմոնյանը։ Ասաց՝ հաճելի օր է, քանի որ Ծառուկյանն իրենց հետ է։ Նա մի քիչ էլ անկեղծացավ, ասաց՝ նախկին իշխանությունները նախանձել են ու չեն թողել, որ ԲՀԿ-ն այս քաղաքում լավ գործեր անի։
«Մարտունին համարվել է Հանրապետական շրջան։ Բայց հիմա իրողություն է փոխվել, ամեն մեկս մեզանից պիտի սկսի։ Ես այն մարդն եմ, որ ուզում եմ, մեր տարածաշրջանի համար փոքրիկ մաս ունենալ։ Դուք գիտեք, կամաց-կամաց սկսել եմ բիզնես անել։ Ես շատ եմ շփվել ժողովրդի հետ, նրանք աշխատանք են ուզում»,-ասաց ԲՀԿ-ական թեկնածուն ու հիշեցրեց Ծառուկյանի խոսքերը՝ «Մեր խոսքը գործ է»։
Սողոմոնյանի խոսքով, կուսակցության ներկայացրած ծրագրերում ինչ ներառել են, իրականացնելու են։
«Քաղաքական ճառ ասողները շատ են, գործ անողներն են քիչ։ Եթե էս երկրում գործ է արել, ուրեմն պարոն Ծառուկյանն է։ Բոլորս էլ լավ գիտենք»,-ասաց թեկնածուն՝ ավելացնելով, որ անկախ քվեարկության արդյունքներից շարունակելու է իր գործը։
Գագիկ Ծառուկյանը մարտունեցիներին էլ պատմեց, որ ծնվել է սովորական, բանվորի ընտանիքում, ասաց՝ բոլորի համար հայտնի է, թե որտեղից է սկսել և ուր է հասել։
«Կարող եմ չխառնվել, գնալ իմ գործերով զբաղվել։ Բայց ես մտածում եմ, որ ժողովրդի դրության մեջ պիտի մտնել։ Անգիր արած բառեր չեմ ասում։ Մինչև հասնում եմ ամբիոնի մոտ, մարդիկ տարբեր հարցերով են դիմում, ես էլ իմ ելույթում դրանց եմ անդրադառնում»,-ասաց Ծառուկյանը։
Այստեղ էլ նա իր օգտին քվեարկելու կոչ չարեց, ասաց՝ ում ձայն տալիս են, նրանից էլ աշխատանք ու արդյունք պահանջեն։
Հարակից հրապարակումներ`
- Ծառուկյան. Ո՞նց են էսօր տուրիզմը զարգացնում, եթե ինքնաթիռ չկա
- Գագիկ Ծառուկյան. Իրական կյանքում 100 դոլար աշխատե՞լ եք
- Մեր ժողովրդի մատից հարկավոր է փուշ հանել. Գագիկ Ծառուկյան
- Գագիկ Ծառուկյան. Բանկային համակարգ չունենք, դա լոմբարդային համակարգ է
- Գագիկ Ծառուկյան. Տնտեսական ճգնաժամի պայմաններում հարկեր չեն բարձրացնում
- Տնտեսական աճը ժողովուրդը զգում է իր սառնարանը բացելուց. Ծառուկյան