«Գառնի» արգելոց-թանգարանում մուլտիմեդիա նախագիծ կիրականացվի
«Դի-Վի-Վի» Ինթերնեյշնլ կազմակերպության հայաստանյան գրասենյակի իրականացրած հետազոտությունների արդյունքում զբոսաշրջության ու մշակույթի ոլորտների զարգացման ծրագրեր կիրականացվեն հանրապետության երեք` Գեղարքունիքի, Շիրակի և Կոտայքի մարզերում: Ֆինանսավորման նպատակով «Դի-Վի-Վի» Ինթերնեյշնլը դիմել է Եվրամիությանը: «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից ընտրվել է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը, որտեղ նախատեսվում է մուլտիմեդիա նախագիծ իրականացնել: Մասնավորապես, ՊՈԱԿ-ի տնօրինության առաջարկով մուլտիմեդիա նախագծում կընդգրկվեն այցելուներին քիչ հայտնի ենթահուշարձանները: Յուրօրինակ մոտեցմամբ` աուդիո և վիդեո տարբերակներով դրանք կներկայացվեն զբոսաշրջիկներին, կարող է կազմակերպվել նաև ժամանակավոր շրջիկ ցուցադրություն: Այս մասին տեղեկանում ենք «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքից։
«Նախաձեռնության նպատակը հուշարձանի հանրահռչակումն է` հետևաբար հետաքրքիր ու մատչելի ներկայացվող նյութը միանգամից կգրավի այցելուին: Զբոսաշրջիկները ցավոք քիչ են տեղեկացված արգելոց-թանգարանի ամենագեղեցիկ ենթահուշարձաններից` ուրարտական արձանագրությամբ Վիշապաքարի, արգելոցի մուտքի մոտ տեղադրված Տրդատ Ա արքայի հունարեն արձանագրության, ինչպես նաև` Գառնի տաճարի մոտ գտնվող Ս. Սիոն եկեղեցու մասին: Կարծում եմ այդ ենթահուշարձանները կարող են ընդգրկվել մուլտիմեդիոն ծրագրում», – ասել է ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը՝ կառույցի գործընկեր` «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա»-ի տնօրեն, «Թանգարանային կրթության կենտրոն»-ի համակարգող Հայկ Մկրտչյանը, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի ծրագրերի մենեջեր Արշալույս Մուրադյանը և «Լրատուն» նախագծի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանի հետ հնադիպման ժամանակ։
«Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա»-ի տնօրեն Հայկ Մկրտչյանի խոսքով, նախագիծը խոստանում է լինել տպավորիչ: «Գառնի» արգելոց-թանգարանի այցելուները մոտ ապագայում արդեն հնարավորություն կունենան արքունական բաղնիքում էքսկուրսիան մեկտեղել մուլտիմեդիոն ներկայացմամբ` տեսնել խճանկարը, լսել ջրի ձայնը և այլն: Յուրօրինակ մոտեցում կցուցաբերվի նաև մյուս հուշարձանների նկատմամբ:
ՊՈԱԿ-ի ղեկավարությունը առաջարկությունների փաթեթը կամբողջացնի և արդեն գալիք տարվա հունվարին կներկայացնի «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ում նախանշված եռօրյա սեմինարի ընթացքում: Միացյալ նահագներից ժամանած մասնագետների հետ քննարկումների ու խորհրդատվությունների արդյունքում վերջնական տարբերակի հիման վրա ծրագիրը կներկայացվի Եվրամիություն` դրամաշնորհի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան