Էմերի. «Մխիթարյանին վատ խաղի պատճառով չփոխարինեցի»
Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթել էր «Տոտենհեմին»: Առաջին խաղակեսից հետո, երբ «զինագործները» պարտվում էին 1:2 հաշվով, լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին Ալեքս Իվոբիի և Հենրիխ Մխիթարյանի փոխարեն խաղադաշտ էր մտցրել Ալեքսանդր Լյակազետին և Աարոն Ռեմսիին, ովքեր դարձել էին համապատասխանաբար գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
«Փոխարինումները չկատարեցի այն պատճառով, որ Իվոբին ու Մխիթարյանը վատ էին հանդես գալիս: Պարզապես իրադարձությունների նման ընթացքը փոփոխություն էր պահանջում և, ամենակարևորը, հանգստություն: Փոփոխություններից հետո տղաների վստահությունն ավելացավ և խաղի ելքը նույնպես փոխվեց: Փոխարինման մտած ֆուտբոլիստները, ըստ իս, գիտեին «Տոտենհեմի» դարպասը տանող ճանապարհը: Չսխալվեցի»,- ասել է Էմերին: