Ռոստելեկոմ. Հայտնի են Startup Boost Weekend Vol3 նախագծի հաղթողները
Դեկտեմբերի 1-2-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անցկացվել է Startup Boost Weekend Vol3 միջոցառումը, որի նպատակն էր խթանել ձեռնարկատիրական մտածելակերպի տարածումը ուսանողների շրջանում։
«Ռոստելեկոմ» ընկերությունից մանրամասնում են, որ այն հանդիսանում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն, և միջոցառման երկու օրերի ընթացքում տարբեր համալսարանների ուսանողներ հնարավորություն ստացան աշխատելու միասին, կազմավորելու թիմեր, գեներացնելու գաղափարներ և փորձելու իրականացնել դրանք Startup մշակույթին ինտեգրման միջոցով: Մասնակիցները հանդիպեցին և աշխատեցին փորձառու մենթորների, ձեռներեցների և ներդրողների հետ: Երկրորդ օրվա ավարտին իրենց ամփոփված գաղափարները ներկայացրին փորձառու ժյուրիին:
Միջոցառման բացմանը մասնակցեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար պարոն Գոնզալո Սեռանոն (Gonzalo Serrano), ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Մարիամ Բաբայանը, Հայաստանյան «Ռոստելեկոմ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը և ImpactAim Venture Accelerator-ի ղեկավար Ռուզաննա Սաֆարյանը։
«Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը նշեց, որ մեծապես կարևորում է հայաստանյան առաջատար համալսարանների ուսանողների մասնակցությունը միջոցառմանը, և որ ստարտափ մտածողությունը պետք է ձևավորվի հենց համալսարանական, ուսանողական տարիքից։ Նա նշեց, որ ընկերությունը նույնպես սկսել է որպես սթարթափ, այսօր արդեն հանդիսանում է առաջատար օպերատորներից մեկը, և միջոցառման արդյունքում նույնպես ակնկալում է նոր հետաքրքիր նախագծեր տեսնել։
ԵՄ -ի կողմից համաֆինանսավորվող և ԳՄՀԸ (GIZ)-ի կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Մարիամ Բաբայանը նշեց, որ ծրագիրն արդեն երրորդ անգամ է աջակցում Startup Boost Weekend նախագծին, քանի որ հենց երիտասարդներն են տիրապետում այն ներուժին, որն անհրաժեշտ է զարգացնելու երկրի նորարարական և ՏՏ ոլորտները: Այս միջոցառումն առաջին քայլն է, որպեսզի նրանք հաջողությամբ մտնեն ձեռներեցության ոլորտ և ապագայում ստեղծեն հաջողակ սթարթափ ընկերություններ՝ ի նպաստ երկրի զարգացման:
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար պարոն Գոնզալո Սեռանոն իր ելույթի խոսքում ներկայացրեց Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող նորարարության և սթարթափ էկոհամակարգերին ուղղված միջոցառումները, քանի որ ԵՄ-ն այդ ոլորտները համարում է Հայաստանի տնտեսության զարգացման անկյունաքարերից և օժանդակում է ՀՀ կառավարության՝ երկիրը նորարարական և առաջատար տեխնոլոգիաների կենտրոն դարձնելու նպատակին:
Startup Boost Weekend Vol3-ը միավորել էր ուսանողների՝ նախաձեռնության գործընկեր 6 համալսարաններից՝ Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայ-Ռուսական համալսարան, Երևանի պետական համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան։
«Քաթըլիսթ» Բարձր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հիմնադրամի համահիմնադիր Համբարձում Քաղկեցյանը նշեց, որ Startup Boost Weekend-ը Հայաստանի սթարթափ էկոհամակարգի նախաձեռնություն է, որի նպատակը հայկական համալսարաններում ձեռներեցության խթանումն է: Փորձառու ձեռներեցները մենթորինգի միջոցով օգնում են թիմերին զարգացնել ձեռնարկատիրական մտածողությունը։ Իրենք՝ կազմակերպիչները, ակնկալում են այս նախաձեռնության արդյունքները տեսնել առնվազն 5-7 տարի հետո, երբ մասնակիցներից մի քանիսը հիմնադրեն իրենց սեփական ընկերությունները` լինելով ավելի պատրաստված և հարուստ գիտելիքների պաշարով:
Երկու օրերի ընթացքում ձևավորվեցին 10 թիմեր, որոնք երկրորդ օրվա ավարտին ներկայացրին իրենց գաղափարները ժյուրիին։ Հաղթող թիմերին էին՝
• Eventor – Անվճար և արագ մանկական ծննդյան միջոցառումների կազմակերպում՝ ելնելով մայրիկի սոցիալական էջերում նկատվող նախընտրություններից։
• EyeZ – Տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց օգնող սարք, որը թույլ է տալիս ճշգրիտ կերպով կողմորոշվել շարժման ընթացքում։
• PromoCar – Հարթակ, որը միավորում է բրենդերն ու լրացուցիչ եկամուտ նախընտրող վարորդներին, ովքեր պատրաստ են բրենդավորված ավտոմեքենա վարել։
«Ռոստելեկոմ»-ի կողմից հաղթող թիմերին տրամադրվեցին 600 և 400 դոլարին համարժեք դրամային մրցանակներ առաջին և երկրորդ տեղերի համար։ Երկրորդ թիմը ստացավ նաև հնարավորություն մասնակցելու ANEL Startup Incubator ծրագրին։
Startup Boost Weekend Vol3 միջոցառումը «Քաթըլիսթ» բարձր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվեց՝ համագործակցելով Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համաֆինանսավորվող և ԳՄՀԸ-ի կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների ինովացիոն ինկուբատորի և Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի հետ։
Startup Boost Weekend Vol3-ի կազմակերպմանը աջակցել են «Ռոստելեկոմ» Հայաստանը, Impact Aim-ը, Creatr-ը, Hero House-ը և CA Training and Consulting-ը:
Հարակից հրապարակումներ`
- «Ռոստելեկոմ»-ը ներդրումներ է իրականացնում հայկական հեռուստաբովանդակության զարգացման ուղղությամբ
- «Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ բացվել է «Ռուսական արվեստի թանգարանը և նրա ճարտարապետական միջավայրը» ցուցահանդեսը
- Մանվել Գրիգորյան. Քառսուն միլիոն թուրքի պպզացրել եմ, երգցրել եմ (տեսանյութ)