Սահմանամերձ բնակավայրերը պետք է վերցնել պետական հոգածության տակ. Արթուր Բաղդասարյան
«Մենք առաջարկում ենք Հայաստանի զարգացման հետաքրքիր ծրագիր, և ժողովուրդն ունի ընտրություն կատարելու լավ հնարավորություն»,- Շամշադինում ընտրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց Օրինաց երկիր կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը։
«Հեղափոխությունը հրաշալի հնարավորություն տվեց ձերբազատվելու 20 տարվա կուտակված պրոբլեմներից և շատ լավ հնարավորություն՝ երկիրն առաջընթացի և զարգացման ճանապարհով տանելու»,- ասաց նա։
Արթուր Բաղդասարյանը հիշեցրեց, որ իր ղեկավարած կուսակցությունը ժամանակին հսկայածավալ աշխատանք է կատարել, հեղինակել է շուրջ 250 օրենքներ։
«Այսօր մենք պայքարում ենք ավանդների վերադարձի գործընթացը շարունակելու համար, որովհետև թեկուզ 212 հազար մարդ ստացել է իր ավանդները, բայց բազմաթիվ մարդիկ դեռ սպասում են։ Բացի այդ՝ մենք հիմք դրեցինք անվճար ծննդօգնությանը, ծնվող երեխային պետության կողմից գումարի հատկացմանը։ Հիմա մենք հանդես ենք գալիս, որպեսզի Հայաստանում ստեղծվի մայրական կապիտալի հիմնադրամ, որ յուրաքանչյուր մայր պետությունից գումար ստանա և կարողանա կերակրել, մեծացնել իր բալիկին, հոգալ նրա խնդիրները»,-ասաց ՕԵԿ նախագահը։
Արթուր Բաղդասարյանը նաև նշեց, որ իրենք նախընտրական ծրագրով առաջարկում են հատուկ ուշադրություն դարձնել սահմանամերձ բնակավայրերին, դրանք վերցնել պետական հոգածության տակ, որը պետք է դրսևորվի պետության կողմից սուբսիդիաների հատկացմամբ։
«Ավելին, մենք առաջարկում ենք հողի վրա մարդու աշխատանքը համարել աշխատանքային ստաժ և վճարել, որովհետև եթե պետությունը չի կարողանում ապահովել աշխատանքով, հողագործությամբ զբաղվող մարդու աշխատանքը պետք է դիտարկել աշխատանքային ստաժ և վճարել նրան՝ ապահովելով արժանապատիվ ծերություն։ Համատարած գործազրկության մեջ է նաև երիտասարդությունը»,- ասաց նա։
ՕԵԿ նախագահը շեշտեց, որ իրենք կողմ են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, սահմանների վերազինմանը, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայությունը մեկ տարի սահմանելուն, բանակը 100 տոկոսով վարձատրվող դարձնելուն։
Արթուր Բաղդասարյանը նաև հավելեց, որ իրենց ուժը կտրականապես դեմ է համայնքների խոշորացմանը։
Հարակից հրապարակումներ`
- Ով քվեարկի ՕԵԿ-ի օգտին, կքվեարկի իր օգտին. Արթուր Բաղդաարյան
- ՕԵԿ նախագահն առաջարկում է երկրում ներդնել մայրական կապիտալի ինստիտուտը
- ՕԵԿ առաջնորդը չի ցանկանում քննադատությամբ սկսել քարոզարշավը
- ՕԵԿ-ի նախընտրական ծրագրով առաջարկվում է առանց կանխավճարի հիփոթեքային համակարգ ներդնել
- Սխալները մարդու համար են, մենք բազմիցս ներողություն ենք խնդրել. Արթուր Բաղդասարյան
- ՕԵԿ ցուցակը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը