Արփինե Հովհաննիսյանի գրառումը ստահոդ է. պարզաբանում ոստիկանությունից
ՀՀԿ պատգամավորության թեկնածու Արփինե Հովհաննիսյանը երեկ ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որում ոստիկանությանը դիտարկել էր նախընտրական ճնշման գործիք։ Նա ուժային այդ կառույցին հորդորել էր դադարեցնել ապօրինությունները՝ ընդգծելով, որ վերջիններս զբաղված են ամենաբարձր մակարդակով սպառնալիքներ հնչեցնելով։
Ոստիկանությունն այսօր արձագանքել է Արփինե Հովհաննիսյանi գրառմանը։ Տարածված հաղորդագրությնա մեջ, մասնավորապես, նշված է.
«ՀՀ ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի` Ֆեյսբուք սոցցանցում տարածած «Ոստիկանությունը նախընտրական ճնշման գործիք» վերնագրով գրառման կապակցությամբ հայտնում ենք, որ նրա ներկայացրած «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմում-հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով: Դատախազությունը ստուգել է մերժման օրինականությունը: Արփինե Հովհաննիսյանն ազատ է բողոքարկելու մերժման մասին որոշումը:
Ինչ վերաբերում է ԱԺ ընտրությունների քարոզարշավին ոստիկանության միջամտելու վերաբերյալ Արփինե Հովհաննիսյանի գրառմանը, ապա հայտնենք, որ այն ստահոդ է և պայմանավորված քարոզարշավի տրամաբանությամբ: Ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է, չի մասնակցում քաղաքական գործընթացներին և հստակ իրականացնում է բոլորի համար հավասար պայմաններ ապահովելու իր պարտականությունը»: