Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորները հացադուլ կհայտարարեն
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) 10 պատգամավոր երկօրյա հացադուլ է հայտարարելու՝ ի աջակցություն թուրքական բանտում գտնվող իրենց կուսակից, ազգությամբ քուրդ Լեյլա Գյուվենին։ Վերջինս էլ իր հերթին բանտում է արդեն 26 օր հացադուլ անում։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
Պատգամավորների հետ հացադուլ է հայտարարելու նաև HDP-ի ներկայիս համանախագահներից տիկին Փերվին Բուլդանը։ Հացադուլն իրականացվելու է Թուրքիայի խորհրդարանի HDP-ի գրասենյակում։
Աղբյուրը հիշեցնում է, որ Լեյլա Գյուվենը Թուրքիայում կալանավորվել է 2018թ. հունվարի 31-ին։ Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «գյուլենական համայնքի անդամ լինելու» մեջ։
Հավելենք, որ Գյուվենի նկատմամբ նաև առաջադրված է «ժողովրդի մեջ ատելություն և թշնամանք հրահրելու կամ տարածելու» մեղադրանք։ Նա հեռուստատեսության եթերով, ինչպես նաև սոցցանցերում բազմիցս քննադատել էր Սիրիայում Թուրքիայի զինուժի կողմից «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը, ինչն էլ զայրացրել էր թուրքական իշխանություններին։ Նրան սպառնում է մինչև 31 տարվա ազատազրկում: Նա արդեն մի քանի անգամ հացադուլ է հայտարարել։