Հայտարարագիրս ԿԸՀ ներկայացրել եմ նոյեմբերի 24-ին, եթե իրենց համակարգչի վրա չի բացվել, իմ մեղքը չէ. Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած իր հայտարարագիրը՝ պարզաբանելով մամուլի հրապարակումները, թե իբր ինքը ԿԸՀ հայտարարագիր չի ներկայացրել:
«Երեկ մամուլում հրապարակումներ տեսա, թե իբր ես ԿԸՀ հայտարարագիր չեմ ներկայացրել։ Իհարկե, նման պնդումը իրականության հետ որևէ կապ չունի։
Օրենքով սահմանված կարգով՝ թղթային կրիչի վրա հայտարարագիրը ներկայացվել է սահմանված ժամկետում։ Իսկ եթե լրատվամիջոցի ստացած թվային տեղեկատվությունը իրենց համակարգչի վրա չի բացվել, դա կներեք, իմ մեղքը չէ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը և ներկայացրել հայտարարագիրը, որ, ըստ նրա, ԿԸՀ է ներկայացվել դեռևս նոյեմբերի 24-ին՝ օրենքով սահմանված ժամկետում:
ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանն էլ գրել է, որ հայտարարագրերի հետ կապված տեխնիկական թյուրիմացություն է ստացվել:
«Տեղեկացնում ենք, որ թե «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, թե «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակի թեկնածու Սուրեն Սահակյանը, թե «Քրիստոնեա-ժաղովրդական վերածնունդ» կուսակցության ընտրական ցուցակի թեկնածու Լևոն Շիրինյանը, և թե «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակի թեկնածու Լուսինե Հարոյանը սահմանված ժամկետներում ներկայացրել են հայտարարագրերը:
Հետագա ցանկացած թյուրիմացությունից խուսափելու նպատակով չնայած օրենսդրական պահանջի բացակայությանը, կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների ներկայացրած հայտարարագրերը զետեղվել են ԿԸՀ կայքում»,- գրել է Հերմինե Հարությունյանը: