Վթարի ենթարկված ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի սև արկղը հայտնաբերվել է
Զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ԶՔԳՎ 10-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է սև արկղը։
Քր. Օր-ի այդ հոդվածը սահմանում է. «Ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման այլ կանոնները խախտելը, որոնք անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի մարդու մահ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով»։
Նախնական տվյալներով՝ մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում՝ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ։ Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ։
«Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,-նշում են քննչական կոմիտեից։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը ցավակցել է զոհված օդաչուների ընտանիքներին ու ծառայակիցներին
- Կաթողիկոսը ցավակցություն է հայտնել ՍՈւ-25 ինքնաթիռի վթարի կապակցությամբ
- Սոնա Տռուզյան. Քննություն է տարվում՝ պարզելու ԶՈՒ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի պատճառները
- Զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի օդաչուները զոհվել են
- Կորել է կապը ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ. ՊՆ