Զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի օդաչուները զոհվել են
«Վթարի վայրը հայտնաբերվել է։ Մարալիկի տարածաշրջանում է, լեռներում։ Մահացած օդաչուներն են՝ փոխգնդապետ Բաբայան Արմեն, մայոր Մանուկյան Մովսես։ Ցավակցում ենք»,-տեղեկացրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի ուշ ՊՆ-ն տարածեց հաղորդագրություն, ըստ որի. «Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանվել է մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը: Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է փորձառու օդաչուների` փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանի և մայոր Մովսես Գևորգի Մանուկյանի ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 10.20-ի սահմաններում, կորել էր կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ։
Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից: