Հարություն Խաչատրյանն այցելել է հացադուլ հայտարարած կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանն այսօր այցելել է Մատենադարանի տարածքում հացադուլ հայտարարած կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Հարություն Խաչատրյանը Հովհաննես Գալստյանին նախ հորդորել է դադարեցնել հացադուլը, քանի որ այն պայքարի շատ ծայրահեղ միջոց է և կարող է անվերականգնելի կորուստ պատճառել մարդուն: Այնուհետև խոսելով կինոռեժիսորի բարձրացրած հարցերի և ստեղծված իրավիճակի շուրջ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահը նշել է, որ իրավիճակի հանգուցալուծումը բացարձակապես իրավական դաշտում է և միայն իրավական հարթությունում է, որ հնարավոր է լուծում գտնել թնջուկին:
«Նկատի առնելով, որ կինոռեժիսորը դիմել է ծայրահեղ միջոցի, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահը դիմում է Հայաստանի իրավական ոլորտի ներկայացուցիչներին՝ հորդորելով հնարավորինս արագ քննարկել բարձրացված հարցերը և իրավական վերջակետ դնել խնդրին:
Հույս ունենք, որ Հայաստանի մշակույթի նախարարությունն ու ազգային կինոկենտրոնը ևս կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի խնդիրը հնարավորինս արագ իրավական հանգուցալուծում ստանա»,- նշված էՀայաստնաի կինեմատոգրաֆիստների միության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, «Պարալլելս ֆիլմ» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը հացադուլ է հայտարարել երեկ ժամը 15։00-ից։Նա պահանջում «Տատիկիս Վարսերը» Հայ-բուլղար-գերմանական համատեղ կինոնախագծի հանդեպ ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորությունների կատարաման երաշխիքներ, «Տատիկիս Վարսերը» կինոնախագծից 2017թ-ին վերցրած գումարի վերադարձ, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշնի» Հայտերի հանդեպ ապօրինի որոշման չեղարկում։
«Այս Հացադուլը հանդիսանում է Հայաստանում մշակույթի ոլորտում տասնամյակներով կուտակված արատավոր երևույթները հրապարակայնացնելու և կինոյի կառավարման համակարգը բարեփոխելու համար անզիջում պայքարի առաջին փուլը»,- հայտարարել է նրան։
Հարակից հրապարակումներ`
- Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը հացադուլ է սկսելու
- Մշակույթի նախարարը գերազանցել է բոլոր հնարավոր լիազորությունները. Հովհաննես Գալստյան
- Անվստահություն են հայտնում մշակույթի նախարարի հրամանով ձևավորված Հանձնախմբի աշխատանքներին
- Ռեժիսոր Արամ Շահբազյանը դադարեցրել է հացադուլը
- Ռեժիսոր Արամ Շահբազյան. Բռնեցին տվեցին գետնին, թևս ջարդեցին, ճամփու դրեցին