
Հայաստանն արժևորում է դիտորդական առաքելությունների գործունեությունն ընտրությունների նախապատրաստման փուլում. Բաբլոյան
Իտալիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնայի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդների թիմի շրջանակում: Պատվիրակությանն այսօր ընդունել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
«Հայաստանն արժևորում է դիտորդական առաքելությունների գործունեությունն ընտրությունների նախապատրաստման և անցկացման փուլում, ինչն անհրաժեշտ է ժողովրդավարության զարգացման և մասնավորապես ընտրական համակարգն ու գործընթացները կատարելագործելու հարցում»,- նշել է Բաբլոյանը։
Օրենսդիր մարմնի ղեկավարը գոհունակությամբ արձանագրել է, որ երկու երկրներին միավորում և հարաբերություններն առավել ամրապնդում են Իտալիայի հայ համայնքն ու պատմամշակութային, քաղաքակրթական և ժողովրդավարական ընդհանուր արժեքները: Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել Իտալիայի իշխանություններին ու ժողովրդին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար:
Պաոլա Տավերնան նշել է, որ այցը կնպաստի Իտալիայի և Հայաստանի դարավոր բարեկամական կապերի ու փոխգործակցության առավել խորացմանը: «Մենք հիմա մի երկրում ենք, որն ընթանում է ժողովրդավարության ճանապարհով և ցանկանում ենք օգնել այդ գործընթացի ամրապնդման հարցում»,- ասել է Իտալիայի Սենատի փոխնախագահը: