Սենատոր Մենենդեսը հետաձգում է Սենատի կողմից Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հաստատումը. Սասունյան
2018 թ. սեպտեմբերի 4-ին նախագահ Դոնալդ Թրամփը առաջադրել է արտաքին ծառայության աշխատակից Էրլ Լիցենբերգերի թեկնածությունը՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, որը պետք է փոխարինի ինը ամիս առաջ Բաքվից հեռացած դեսպան Ռոբերտ Սեկուտային։
2018 թ. հոկտեմբերի 4-ին, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լիցենբերգերի հաստատման համար լսումներից մեկ ամիս առաջ, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը մամուլի հաղորդագրություն տարածեց՝ կոչ անելով ամերիկահայ համայնքին, Հայաստանի բարեկամներին և իրավապաշտպաններին դիմել իրենց սենատորներին՝ մանրամասն ուսումնասիրելու Լիցենբերգերի թեկնածությունը։
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը բացատրել է, որ «երբեք այսքան խիստ անհրաժեշտություն չի առաջացել հստակեցնելու Ալիևի վարչակարգի հետ ամերիկյան հարաբերությունների բնույթն ու շրջանակները։ Դեսպանի հաստատման գործընթացը մեծ հնարավորություն է ընձեռում Կոնգրեսի կողմից վերահսկողություն սահմանելու ԱՄՆ-Ադրբեջան ավելի ու ավելի մտահոգիչ երկկողմանի հարաբերությունների վրա, որը բնութագրվում է հայերի նկատմամբ աճող հարձակողականությամբ, այլակարծության ճնշման խստացմամբ և ամերիկյան քաղաքական գործընթացները հմտորեն հակազդելու մեծապես ֆինանսավորված արշավով»։
Լիցենբերգերը նախկինում աշխատել է որպես ավագ մասնագետ Գերմանիայի Մարշալի հիմնադրամում, ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների առաքելության ղեկավարի տեղակալ, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ավագ քաղաքացիական ներկայացուցչի տեղակալ, Բելգրադում (Սերբիա) Միացյալ Նահանգների դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ և Բիշքեկում (Ղրղզստան) Միացյալ Նահանգների դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ: Լիցենբերգերը բակալավրի աստիճան է ստացել Միդլբերի քոլեջից և մագիստրոսի աստիճան՝ Միացյալ Նահանգների ռազմական քոլեջից։ Նա խոսում է ֆրանսերեն, ռուսերեն, սերբերեն և բուլղարերեն։
2018 թ. հոկտեմբերի 4-ին, Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ, Լիցենբերգերը ենթարկվեց մանրակրկիտ հարցաքննության։ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հաղորդել է, որ Նյու Ջերսիից դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը, Լիցենբերգերին Ադրբեջանի անզուսպ ռազմավարությունների մասին ճնշելիս, անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «ռազմատենչ հռետորաբանությանը և բռնության հաճախակի պոռթկումներին»։ Լիցենբերգերը պատասխանել է, որ ինքը կհորդորի Ադրբեջանի կառավարությանը հետ կանգնել այնպիսի վարքագծից, որը կխախտի Արցախյան հակամարտության շփման գիծը: Նա նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն աշխատում է երեք ուղղություններով՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք։
Բացի այդ, Լիցենբերգերը հղում է արել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին, որը դատապարտում է «ցանկացած բռնություն և բռնության կիրառման ցանկացած սպառնալիք շփման գծում»՝ առանց Ադրբեջանի հարձակումների կոնկրետ վկայակոչման:
Լսումների ժամանակ սենատոր Մենենդեսը հետաքրքրվել է, թե արդյոք Ադրբեջանին զենքով ապահովելը պետք է սահմանափակվի նրա կողմից մարդու իրավունքների խախտումների հիման վրա: Ի պատասխան՝ Լիցենբերգերն ասել է, որ Պետդեպարտամենտը զգույշ կլինի, որպեսզի իր որոշումները չխոչընդոտեն Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու ջանքերը։ Նա նաև նշել է Ադրբեջանում մարդու իրավունքների կրթությանը հատկացվող մեծ ուշադրության մասին։
Լսումներից հետո սենատոր Մենենդեսը և Մասաչուսեթսից սենատոր Էդ Մարկին գրավոր հարցադրումներ են ներկայացրել Լիցենբերգերին։ Սենատոր Մենենդեսի խնդրանքով Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հետաձգել է Լիցենբերգերի առաջադրումը չճշտված ժամկետով։ Երկու սենատորները կարող են լրացուցիչ գրավոր հարցադրումներ անել թեկնածուին՝ կապված իրենց մտահոգությունների հետ՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի կողմից հոկտեմբերի վերջին Կովկաս կատարած այցի ընթացքում Հայաստանին և Ադրբեջանին զենք վաճառելու առաջարկից հետո։
Լիցենբերգերը միակն էր 19 առաջադրված դեսպանների թեկնածուներից, որի հաստատումը հետաձգվեց, հավանաբար, մինչև հաջորդ տարի, երբ հանձնաժողովը կանցկացնի իր հաջորդ աշխատանքային հանդիպումը:
Հայ Դատի հանձնախմբից Համբարյանը ողջունել է Լիցենբերգերի նշանակման հետաձգումը, որը սենատորներին «հնարավորություն կտա ավելի մեծ ուշադրությամբ վերահսկել մեր երկրի բարդ երկկողմանի կապերը Ադրբեջանի հարձակողական և դաժան Ալիևի վարչակարգի հետ, հատկապես անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի վիճելի առաջարկից հետո, որ ԱՄՆ-ը սկսելու է զենք վաճառել Բաքվին»։
Այնուհետև Համբարյանը պնդել է. «Մենք միանում ենք Սենատի մեր բարեկամներին, այս հարցում ավելի հստակություն փնտրելու ուղղությամբ և, ընդհանուր առմամբ, վարչակազմի վարած քաղաքականության վերաբերյալ՝ Հայաստանի և Արցախի դեմ Ալիևի վատթարացող հարձակողականության, բոլոր հայերի նկատմամբ ատելության հրահրման, ամերիկյան օրենսդիրների առանց արդարացման սև ցուցակում ընդգրկման, Ռոյս-Էնգել խաղաղության առաջարկների խոչընդոտման, քաղաքացիական ինքնաթիռներին կրակելու սպառնալիքների, Ջուլֆայի գերեզմանոցի և այլ քրիստոնեական ժառանգության վայրերի ոչնչացման, և իհարկե, ներքին այլախոհների և էթնիկ-կրոնական փոքրամասնությունների դեմ նրա խիստ հալածանքների»։
Ադրբեջանի «Թուրան» լրատվական գործակալությունը հաղորդել է Բաքվում ԱՄՆ դեսպանի հաստատման հետաձգման մասին։ Զարմանալիորեն, «Թուրան»-ը ենթադրում է, որ նախագահ Թրամփը, օգտվելով դեկտեմբերին Սենատի նիստերի բացակայությունից, կարող է ընդմիջումային նշանակում կատարել, այսինքն՝ նախագահը կարող է Լիցենբերգերին Ադրբեջանում դեսպան նշանակել առանց Սենատի հաստատման։
Ընթերցողները կհիշեն, որ նախագահ Օբաման նման ընդմիջումային նշանակում կատարեց Մեթյու Բրայզայի դեպքում՝ նրան որպես դեսպան ուղարկելով Ադրբեջան, սենատոր Մենենդեսի կողմից նրա նշանակումը երկու անգամ արգելափակելուց հետո։ Բրայզան կարողացավ Բաքվում աշխատել միայն 12 ամիս, ստիպված վերադառնալով Վաշինգտոն՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից իր թեկնածության հաստատման հրաժարման պատճառով։
Մեթյու Բրայզայի պարագայում, ամերիկահայ համայնքը բավարար հիմքեր ուներ նրա թեկնածությունը վիճարկելու համար, քանի որ նա բացահայտ կողմնակալություն ուներ հօգուտ Ադրբեջանի և Թուրքիայի՝ ի վնաս Հայաստանի։ Սակայն, Լիցենբերգերը, կարծես թե նման կողմնակալություններ չունի և նրա դեմ անձնական ոչինչ չկա։ Թեկնածուի հետաձգումը պարզապես միջոց է ապահովելու, որ նա պաշտպանելու է Ադրբեջանում մարդու իրավունքները և հորդորելու է Ալիևի վարչակարգին նվազեցնել ռազմատենչությունը Արցախյան հակամարտության հարցում: Լիցենբերգերի հաստատման հետաձգումը նաև ուղերձ է Ջոն Բոլթոնին, որ Սենատը չի ողջունում Ադրբեջանին զենք վաճառելու նրա առաջարկը։
Սենատում դեսպանի հաստատման ձգձգումը կծառայի որպես Ալիևի վարչակարգին նեղացնող լրացուցիչ մտադրություն՝ երկարաձգելով Բաքվում ԱՄՆ դեսպանի բացակայությունը և լարվածություն առաջացնելով Ադրբեջան-ԱՄՆ հարաբերություններում:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան