Մայրն ահազանգում է. Մեկ տարեկան երեխայի մահվան պատճառ դարձած վարորդը համաներումով ազատ է արձակվել
1 տարեկան 3 ամսական երեխայի մահվան պատճառ դարձած վթարի մասնակից մեքենայի վարորդը համաներմամբ ազատ է արձակվել։
«Finita la comedia!! Ուրիշ չգիտեմ, ո՞նց անվանեմ էս երևույթը։ Այսօր ցերեկը 14:30 -ի սահմաններում Կենտրոնի դատարանի շենքից բաց թողնվեց «մարդը», որ սպանել էր մի տարի երեք ամսեկան տղայիս (խոսքը սույն թվականի ապրիլի 23ի վթարի մասին է)։ Հա, հա սխալ չհասկացաք, ազատ է արձակվել էն «մարդը», ով լկտիաբար քշելով, խփել է մեր տաքսիին ու հետո փախել, հանձնվել երկու օր հետո, երբ ամբողջ համացանցով մեկ տարածվել էր վիդեոռեգիստրատորի ձայնագրությունը, այն «մարդը», ով չի բարեհաճել նույնիսկ գալ հիվանդանոց ու հետաքրքրվել ո՞նց են տուժածները կամ գոնե ներողություն խնդրել։
Ոչ, դատարանը, մեղադրողը կամ դատավորը ծախված չեն, ու էդ մարդիկ պատշաճ ձևով են կատարել իրենց պարտականությունները, որի համար շատ շնորհակալ եմ իրենցից։ Մեղավորը մեր օրենքներն են, որ նման արարքներին տալիս են շատ մեղմ պատիժ (եթե իհարկե տալիս են) , մեղավորը մարդիկ են, որ համաներման նախագիծը մշակելիս մահվան ելքով դեպքերը հաշվի չեն առել։ Արդյունքում էլ ունենք էն, ինչ ունենք (շաբաթական մոտ 5-6 զոհ ճանապարհներին)»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է մահացած երեխայի մայրը՝ Ք. Շեկոյանը։
Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել այս տարվա ապրիլի 23-ի գիշերը Սարալանջի փողոցում։ «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը «Մերսեդես» մակնիշի մեքենային, այն դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, աջ ընթանալով, բախվել բետոնե արգելապատնեշին։ Տաքսու վարորդը լքել էր դեպքի վայրը։
«Սիրելի ծնողներ, Սարգիս Գյուլումյանները քիչ չեն, մենք ամուսնուս հետ պայքարում ենք ձեր երեխաների անվտանգության համար ու ամեն ինչ կանենք, որպեսզի օրենքը գործի և յուրաքանչյուր ծնող անկախ նրանից ունի մեքենա, թե ոչ, կարողանա պաշտպանել իր երեխաներին։ Բառերով բացատրել էն ցավը ու խորը հիասթափությունը, որ ապրեցի էսօր ի վիճակի չեմ, գրում եմ արցունքները աչքերիս... Փոքր երեխայի կյանքը, ցավոք, այդքան գին չունի, որ մեղավորը պատժվի...»,-գրել է մայրը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան