Ադրբեջանը հիմա կստորագրի ցանկացած թուղթ, որտեղ միայն Հայաստանն է՝ առանց Արցախի. քաղաքագետ
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ, Միլանում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի բացման նախօրեին՝ այսօր, նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Հանդիպմանը, նրա խոսքով, նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի շուրջ հայտարարության համաձայնեցում։
Panorama.am-ի թղթակիցը թեմայի շուրջ խոսեց քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ՝ հետաքրքրվելով՝ ադյոք սա նշանակում է, որ հակամարտության կարգավորման գործընթացում իրավիճակ է փոխվել։
«Նման մի հայտարարություն նախկինում ևս եղել է, սակայն դրանք, որպես կանոն, լրիվ դատարկ հայտարարություններ են լինում։ Այդպիսի դեպքերում բուն հայտարարությունն է նպատակը, այսինքն՝ հասնել նրան, որ հակամարտող կողմերը միասնական հայտարարություն անեն։ Ադրբեջանի համար դա ֆունդամենտալ նշանակություն ունի՝ դուրս գալու ի հայտ եկած խնդիրների տակից։
Այդ երկիրը լուրջ մտահոգություն ունի, որ Արցախը հանկարծ չներքաշվի բանակցային գործընթացի մեջ։ Դրա համար էլ ադրբեջանական կողմը պատրաստ է ստորագրել ցանկացած թղթի տակ, որում կլինեն միայն ինքը և Հայաստանը։ Իրենց միայն դա է հետաքրրքում, ուրիշ ոչ մի բան։ Ադրբեջանը հիմա կստորագրի ցանկացած թուղթ, որտեղ միայն Հայաստանն է՝ առանց Արցախի։ Այստեղ զարմանալու բան չկա։ Կրկնում եմ, սա Ադրբեջանի համար կյանքի հարց է»,- նշեց Մանվել Սարգսյանը։
Քաղաքագետն ընդգծեց, զարմանալին այն է, թե ինչու է Հայաստանը գնում նման համատեղ հայտարարության։
«Օրինակ, Ադրբեջանն այդ հայտարարությա մեջ կնշի՞, որ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն իրականացվելու են։ Արդյոք Ադրբեջանը պարտավորություն ստանձնելո՞ւ է շփման գծում խաղաղություն պահպանել։ Միայն այս դեպքում հասկանալի կլինի՝ ինչու է Հայաստանը գնում համատեղ հայտարարության»,- ասաց նա։
Մանվել Սարգսյանի խոսքով, հակառակորդը հակափաստարկներ չունի երկու հարցում. առաջինը, բանակցային գործընթացում Արցախի մասնակցությունն է, երկրորդը՝ շփման գծում միջադեպերի վերհսկման նպատակով հատուկ տեխնիկայի տեղակայումը։
«Այս երկու հարցերը նրա համար մահ են։ Նշված երկու թեզը «ջրելու» համար Ադրբեջանը համաձայն է ցանկացած փաստաթուղթ ստորագրել»,- նշեց քաղաքագետը՝ միաժամանակ չբացառելով, որ հայկական կողմը ևս ինչ-որ պայմաններ է սահմանել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան