Քաղաքացիական վերահսկողությունը իսպառ բացակայում է. Իրավապաշտպան
«Հայաստանում պաշտպանական համակարգը պետք է փոխվի իր ամբողջ կոնցեպտով, այսինքն պետք է ստեղծել պաշտպանական համակարգ»,- «Մարդու իրավունքների խախտումները զինված ուժերում. որո՞նք են լինելու բարեփոխումներն ու կուսակցությունների առաջադրած լուծումները» թեմայով քննարկմանն ասաց «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանը։
Նա նշեց, որ այս տարիների ընթացքում պաշտպանական համակարգ չեն ստեղծել, ստեղծել են բանակ, ամբողջ պաշտպանությունը եղել է բանակի ուսերին, ինչն անթույլատերլի է Հայաստանի նման փոքր պետության համար։
«Պաշտպանական համակարգում պետք է ներգրավված լինի ամբողջ պետությունը իր առողջապահությամբ, փրկարար ծառայությամբ, գյուղատնտեսությամբ, կրթությամբ։ Սկսած յուրաքանչյուր զինվորից վերջացած յուրաքանչյուր քաղաքացիով պետք է ներգրավված լինեն պաշտպանական համակարգի մեջ»,- ասաց Գ. Սաֆարյանը։
Նրա խոսքով, այս փիլիսոփայության մեջ ունենալու են շատ մեծ հանրային վերահսկողություն. «Բանակն ամբողջությամբ ներգրավված է լինելու հասարակության մեջ այլ ոչ թե տարանջատված հասարակությունից»։
Գ. Սաֆարյանն ասաց, որ Հայաստանում առհասարակ ստեղծվել է Սովետական բանակի փոքր տեսակ, ինչը կոնցեպտուալ առումով անթույլատրելի է։ «Խորհրրդային բանակում կային բազմաթիվ բացասական երևույթներ, որոնք անցան մեր բանակ»,- նշեց «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչը։
Քննարկմանը ներկա «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Ներսիսյանն ասաց, որ բանակի ներքին կանոնակարգերում պետք է փոփոխություններ մտցվեն. «Բանակի ներքին կանոնակարգերը Խորհրդային միությունից են մնացած, որոնք ինձ համար հին են, փոփոխության կարիք ունեն»։
«Ազգային առաջընթաց» կուսակցությունից Հայկ Փայտյանն ասաց, որ իրենց կուսակցության տեսլականը բանակի վերաբերյալ և ընդհանրապես կայանում է հետևյալում. «Մենք առաջարկում ենք կոնկրետ մեխանիզմներ։ Երևի թե ոչ մի հայ չլինի, որ համակարծիք չլինի հնչեցված տեսակետներին, որ պետք է փոխվի։ Բայց ինչպե՞ս փոխել։ Համաձայն եմ, որ պետք է պաշտպանական համալիր ստեղծվի։ Հստակ մեխանիզմներ են պետք կոնկրետ թիրախային խնդիրները լուծելու համար»։
Նա համաձայնվեց Գ. Սաֆարյանի հետ, որ բանակը թալանվում է։ «Ամենասարսափելին պատասխանատվության ինստիտուտի բացակայությունն է»,- ընդգծեց նա։
Հայկ Փայտյանն ասաց, որ պետք է կրթության դերը մեծացվի բանակում, կրթություն-բանակ կապը պետք է շատ ամուր լինի, բանակում անցկացվեն դասընթացներ։
«Ժամանակի ընթացքում պետք է անցում կատարենք պրոֆեսիոնալ բանակի, որովհետև, կարծում ենք, որ Հայաստանի պաշտպանությունը պրոդուկտիվ կառուցելու համար պրոֆեսիոնալ բանակի կարիք ենք ունենալու, բայց ժամանակի ընթացքում։ Պրոֆեսիոնալ բանակի գործը պետք է լինի զուտ պաշտպանությունը, ռազմական գործողություններին դիմագրավելը»,- նշեց «Ազգային առաջընթաց» կուսակցության ներկայացուցիչը։
«Մենք» դաշինքից Կարեն Սարգսյանի խոսքով, ընտրություններին մասնակցող երևի միակ ուժն են, որ իրենց ծրագրում բանակին նվիրված առանձին գլուխ ունեն։
«Երեք դրույթ կա։ Առաջին՝ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների վերանայումն է հօգուտ Հայաստանի։ Խոսքը վերաբերում է նրան, որ եթե մեր շահից բխում է, օրինակ, գնել ռազմական տեխնիկա Շվեդիայից, և դա հակասում է ՀԱՊԿ-ի ինչ-որ պայմանագրի, ՀԱՊԿ այդ պայմանագիրը չեղարկվում է։
Երկրորդ՝ աշխատավարձերի բարձրացում 25 տոկոսով։ Երրորդ՝ հենց 2019 թվականից սկսած անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի, ձևավորվի 25 հազարանոց զորախումբ, որն ամբողջությամբ իր վրա կվերցնի սահմանի դիրքերի անվտանգություն ապահովելը։ Ամբողջությամբ նախատեսում ենք հենց 2019 թվականի երկրորդ կեսից 18 տարեկան զորակոչված երեխաներին հետ պահել դիրքերից», -ծրագիրը դրույթները ներկայացրեց Կ. Սարգսյանը։
Հայ Յեղափոխական դաշնակցությունից Արթուր Եղիազարյանն ասաց, որ իրենց ծրագրային դրույթներից է՝ բանակում պետք է զինվորը, սպան ապահոված լինեն սոցիալական առումով, զարգանա ռազմարդյունաբերական համալիրը։ Նա նշեց, որ բանակը միակ կայացած պետական համակագն է, բայց որն ունի բազմաթիվ թերություններ։
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասաց, որ այսօր քարոզարշավում խոսակցություն չկա, թե ինչքան են բանակում զոհվում ոչ թե թշնամու գնդակից, այլ ոչ կանոնադրային հարաբերոթյուններից, ինչքան բռնություն կա բանակում։
«Այս թեման պետք է դառնա առաջնային, որպեսզի փրկվեն մարդկային կյանքերը։ Պետք է վերացնել անպատժելիությունը, բռնի մթնոլորտը, իրավապահ մարմինները բացահայտեն այդ հանցագործությունները։ Հենց հիմա էլի չեն աշխատում ոչ զինվորական դատախազությունը, ոչ քննչական կոմիտեն։ Գրեթե բոլոր դեպքերը չեն բացահայտվում։ Անպատժելիության, բռնության մթնոլորտը ստեղծում է այս իրավիճակն ու այս զոհերը»,- ասաց իրավապաշտպանը։
Նա նաև նշեց, որ այսօր քաղաքացիական վերահսկողությունը իսպառ բացակայում է, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարծես ընդառաջ չի գալիս քաղհասարակությանը, ինչը բավականին ամրապնդվել էր վերջին տարիներին, երբ քաղհասարակության կազմակերպությունները շատ լավ աշխատում էին, համագործակցում էին։
Հարակից հրապարակումներ`
- Բանակի հարցն առաջնային չի դարձել իշխանությունների համար. Ժ. Ալեքսանյան
- Իրավապաշտպան. Գևորգ Հարոյան. Մահվան մի սարսափելի պատմություն
- ՔԿ. Ժամկետային զինծառայող Աղասի Մկրտչյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել համածառայակցին
- Ժամկետային զինծառայող Հ. Մանգասարյանի մահվան փաստով մեղադրանք է առաջադրվել երկու անձի
- Ժամկետային զինծառայող Հրանտ Մանգասարյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետին
- Հարուցվել է քրգործ` ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռուսլան Մանուկյանի մահվան դեպքի առթիվ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան