Դավիթ Շահնազարյանը ԱԱԾ չի գնա
ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանը Ազգային անվտանգության ծառայություն չի գնա։ Panorama.am-ի հետ զրույցում նա նշեց՝ չի պատրաստվում մեկնաբանել ԱԱԾ հայտարարությունը։
«Ես լրագրողներին ժամը 14-ին հրավիրում եմ Հանրապետական կուսակցության գրասենյակ, որտեղ հանդես կգամ հայտարարությամբ։ Անկեղծ ասած, ես պատրաստվում էի այսօր ժամը 13։00-ին գնալ, բայց քանի որ ԱԱԾ-ն որոշեց դա հրապարկայնորեն անել, ես արդեն չեմ գնա, ժամանակ չունեմ, ավելի լավ է լրագրողների հետ շփվեմ»,-ասաց Շահնազարյանը։
Հետաքրքրվեցինք, ասուլիսում կներկայացնի՞ այն նյութերը, որոնք պատրաստվում էր տրամադրել Ազգային անվտանգության ծառայությանը, Դավիթ Շահնազարյանն արձագանքեց. «Ես ԱԱԾ-ին ոչ մի բան չեմ պատրաստվում ներկայացնել բացարձակապես։ Եկեք պարզ կլինի ամեն ինչ»։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն այսօր տեղեկացրեց, Դավիթ Շահնազարյանը գրությամբ դեկտեմբերի 5-ին հրավիրվել է ՀՀ ԱԱԾ վարչական շենք՝ հաղորդման կապակցությամբ, ըստ էության, բացատրություն տալու և այն հիմնավորող փաստաթղթեր և այլ նյութեր ներկայացնելու համար:
Դավիթ Շահնազարյանը Սասուն Միքայելյանի հայտարարությունը մեկնաբանելիս ասել էր. «...Այն, ինչ ասել է Սասուն Միքայելյանն, իրականում դա քաղաքական ծրագիր է, որը իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ իշխանություն՝ Արցախի փոխարեն: Ես խոստանում եմ, որ դուք բոլորդ դրանում կհամոզվեք: Այնպես, որ Սասուն Միքայելյանն ուղղակի արտահայտել է այն, ինչը հանդիսանում է ներկայիս իշխանությունների քաղաքական նպատակը», ըստ էության դրանով իսկ ներկայիս իշխանությանը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մեղադրելով պետական դավաճանության մեջ»։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Շահնազարյանը հրավիրվել է ԱԱԾ
- Արցախի նկատմամբ զրո պատասխանատվություն ենք տեսնում. Դավիթ Շահնազարյան
- Դավիթ Շահնազարյանը Նիկոլ Փաշինյանին հրավիրում է բանավեճի
- Նիկոլ Փաշինյանի պատասխանը Դավիթ Շահնազարյանին
- Դավիթ Շահնազարյան. Այն, ինչ ասաց Սասուն Միքայելյանը, իրականում քաղաքական ծրագիր է