ԱՆ-ն դիմում է համաներմամբ ազատված զբաղվածության խնդիր ունեցողներին
Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որով դիմել է զբաղվածության խնդիր ունեցող համաներմամբ ազատված անձանց։
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղյակ եք, որ ներկայում ընթանում է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի կիրառման գործընթացը:
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Արդարադատության նախարարությունը դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին՝ համաներման հիմքով պատժից ազատված անձանց վերասոցիալականացման գործընթացի շարունակականությունն ապահովելու և, ըստ այդմ, կրկնահանցագործության ռիսկերը նվազեցնելու հարցում աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Ուստի, առաջարկում ենք համաներման հիմքով պատժից ազատված այն անձանց, որոնք ունեն սոցիալական, այդ թվում՝ զբաղվածությանն առնչվող խնդիրներ, դիմել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններ, այդ թվում՝ սոցիալական ապահովության տարածքային կենտրոններ և զբաղվածության տարածքային կենտրոններ»։
Նշենք, որ երեկվա տվյալներով, համաներմամբ ազատ է արձակվել 545 դատապարտյալ:
Հարակից հրապարակումներ`
- Համաներմամբ ազատված դատապարտյալների թիվը դեկտեմբերի 3-ի դրությամբ
- «Ժողովուրդ». Համաներումից հետո Հայաստանում կրկին աճել է գողությունների թիվը
- Համաներման մասին օրենքն ուժի մեջ կմտնի վաղվանից