Նախագահը Գյումրիում այցելել է Մհեր Մկրտչյանի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարաններ
Աշխատանքայի այցով Գյումրիում գտնվող նախագահ Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան:
Գյումրու Վարպետաց փողոցում գտնվող՝ 19-րդ դարի վերջին կառուցված պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքում տեղակայված թանգարանում ներկայացված է մեծ գյումրեցու, սիրված արվեստագետի, ուրախ ու տխուր մարդու կյանքն ու գործունեությունը։
Նախագահ Սարգսյանն ասել է, որ կինոյի և թատրոնի մեծ կատակերգուին ժողովուրդը սիրում էր և այսօր էլ սիրում է անմնացորդ, հուզվում, հրճվում նրա մարմնավորած կերպարներով: Նա սիրված էր ոչ միայն Հայաստանում։ «Մհեր Մկրտչյանը և նրա ֆիլմերը մեր սերնդի կյանքի մի մասն էին, և ինձ համար շատ կարևոր է, որ հաջորդ սերունդները ևս ճանաչեն նրա արվեստը»,- ասել է նախագահՍարգսյանը։
Նախագահ Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը այցելել են նաև Գյումրիում գտնվող Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան: Նախագահին են ներկայացվել թանգարանի ցուցանմուշները, որոնք վերաբերում են Իսահակյանի կյանքի տարբեր շրջաններին և գրական գործունեությանը:
Նախագահը շրջել է թանգարանով, հիշել հետաքրքիր պատմություններ, որոնք վերաբերում են մեծ Վարպետին, այդ թվում և՝ կապված իր մանկության հետ:
1988թվականի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի նախօրեին հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին։
Նրանք ծաղիկներ են դրել հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահ. Գյումրիի երեխաներն ավելի լավ պայմանների են արժանի
- Նախագահ Արմեն Սարգսյանի աջակցությամբ Գյումրիում կընդլայնվի բնական ներկերի արտադրությունը
- Հայաստան եկողը պետք է գա ու հին քաղաքը, մշակույթն այստե՛ղ տեսնի, այս քաղաքում. Արմեն Սարգսյան