Համայնքների խոշորացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դրան կողմ է համայնքի բնակիչը. ՕԵԿ
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը Բերդ քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը նշել է, որ այսօր երկիրը առաջընթաց զարգացման տանելու նոր հեռանկար է բացվել՝ ՕԵԿ ծրագրային դրույթներում արտացոլված և հանրությանը հուզող խնդիրները բարձրաձայնելու և դրանց լուծման ուղիներ առաջադրելու համար: ՕԵԿ գրասենյակի փոխանցմամբ՝ Արթուր Բաղդասարյանը կարևորել է սահմանների տեխնիկական վերազինման, մեկ տարվա զինծառայության և պրոֆեսիոնալ բանակի աստիճանական անցման անհրաժեշտությունը:
«Մենք առաջարկում ենք երկու տարվա փոխարեն մեկ տարվա զինծառայություն ինչպես դա արեց Ռուսաստանի Դաշնությունը: Մենք առաջարկում ենք աստիճանական անցում կատարել պրոֆեսիոնալ, վարձատրվող բանակի՝ բացառելով 18 տարեկան զինվորի սահմանում կանգնելու հնարավորությունը: Միջազգային լավագույն փորձի համաձայն այսօր մեկ պրոֆեսիոնալ, բարձր վարձատրվող զինվորականը հավասարազոր է 5 ժամկետային զինծառայողի: Այս ճանապարհով մենք ոչ միայն լուծում ենք բանակի մարտունակության, այլև մարդկանց զբաղվածության խնդիրը»,- ասել է նա:
Անդրադառնալով համայնքների խոշորացման հիմնախնդրին Արթուր Բաղդասարյանը նշել է, որ համայնքների խոշորացումը անընդունելի է՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այն ուզում է համայքնի բնակիչը. «Մենք ոչ ենք ասում համայնքների խոշորացմանը: Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ դրան կողմ է համայնքի բնակիչը: Մնացած բոլոր դեպքերում դա անընդունելի գործելաոճ է: Միաժամանակ մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին 100 տոկոսով ազատել հողի հարկից և նրանց նկատմամբ հատուկ պետական հոգածություն ցուցաբերել, հատկացնել սուբսիդիաներ, իսկ հողի վրա աշխատող գյուղացու աշխատանքը պետք է համարել որպես աշխատանքային ստաժ և դրա դիմաց վարձատրել նրան»:
Հարակից հրապարակումներ`
- Ով քվեարկի ՕԵԿ-ի օգտին, կքվեարկի իր օգտին. Արթուր Բաղդաարյան
- ՕԵԿ նախագահն առաջարկում է երկրում ներդնել մայրական կապիտալի ինստիտուտը
- Սեփականության իրավունքով հողատարածք ունեցող անձանց աշխատանքը պետք է համարվի աշխատանքային ստաժ. ՕԵԿ
- ՕԵԿ առաջնորդը չի ցանկանում քննադատությամբ սկսել քարոզարշավը
- ՕԵԿ-ի նախընտրական ծրագրով առաջարկվում է առանց կանխավճարի հիփոթեքային համակարգ ներդնել