«Գոլդեն Փելես» հյուրանոցի նվիրատվության հարցում կարևոր է իրավապահ մարմնի եզրակացությունը. Նարեկ Բաբայան
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արմեն Ավետիսյանին և Մանվել Գրիգորյանին պատկանող գույքի նվիրատվության համար նախ պետք է համապատասխան դիրքորոշում իրավապահ մարմինների կողմից, որից հետո կառավարությունը հանձնարական կտա և կսկսվի գործընթացը:
«Կոնկրետ «Գոլդեն Փելես»-ի հետ կապված ընթացակարգն ենք մշակում, որից հետո կառավարության որոշման համապատասխան նախագիծ կներկայացվի, դրական եզրակացություն ստանալուց հետո կմտնի կառավարություն և կընդունվի նվիրատվություն ընդունելու մասին որոշումը, և արդեն նոտարական մնացած ընթացակարգերից հետո այն կհամարվի պետական գույք», - նշեց Նարեկ Բաբայանը:
Նրա խոսքով՝ թե՛ Արմեն Ավետիսյանի, թե՛ գեներալ Մանվել Գրիգորյանի գույքի վերաբերյալ համապատասխան վարույթն իրականացնող իրավապահ մարմնի եզրակացությունը կարևոր է, քանի որ չի բացառվում՝ տվյալ գույքը ապօրինի ճանապարհով է ձեռք բերվել։ Մյուս կողմից, ըստ նրա, կառավարությունն ինքն է այդ քաղաքական որոշումը կայացնում՝ հաշվի նստելով կամ չնստելով իրավապահ մարմնի եզրակացության հետ:
Անդրադառնալով հյուրանոցին՝ Նարեկ Բաբայանն ասաց, որ ժամկետների առումով շատ ավելի արդյունավետ է այն նվեր ընդունել հիմա, քան սպասել դատական պրոցեսի ավարտին, որը կարող է տևել մեկ կամ ավելի տարի: Ինչ վերաբերում է հյուրանոցի կառավարմանը, նշեց, որ իրենք այն կարծիքին չեն՝ լավագույն կառավարումը հենց Պետգույքը պետք է իրականացնի, ավելի հավանական է, որ կոմիտեի բալանսին գրանցվելուց հետո կարճ ժամանակում հայտարարվի աճուրդ։
Հարցին, իսկ եթե պարզվի հյուրանոցը վնասով է աշխատում, դա կընդունի՞ պետությունը, Նարեկ Բաբայանն ասաց՝ ակնհայտ է, որ վնասով աշխատող չէ: Միաժամանակ նշեց, որ բիզնեսը գնահատումը ենթադրում է եկամտի չափը պարզելը։ «Մեծ պարտավորություններով ընկերությունները, որոնք իրենց գույքով այդ պարտքերը չեն կարողանա ծածկել, բնականաբար, դրանք չեն ընդունվի»,- ընդգծեց նա:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ի՞նչ է լինելու այն շենք-շինությունների հետ, որոնք ժամանակին սեփականաշնորհել են նախկին պաշտոնյաները և այսօր դրանք թանկ գներով վարձակալության են տալիս պետությանը:
Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանից վարձակալած գույքին՝ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ կառավարությունը մտադիր է հրաժարվել դրանից:
«Այդ գույքն անպես չէ, որ պետությանն ավելի թանկ են վարձով տալիս: Կառավարությունն իր կարիքներից ելնելով՝ ստիպված վարձակալել է, և հիմա փորձում ենք ամեն ինչ անենք, որ այդ վարձակալությունը խզենք և պետական գույքի հաշվին այդ կառույցները տեղավորենք: Այդտեղ գտնվում են Ազգային վիճակագրական կոմիտեի ու գանձապետարանի վարձակալած տարածքները: Ինչ վերաբերում է այդ գործարքներին, դրանք տեղի են ունեցել ավելի վաղ, քան 10 տարի, և գոյություն ունի վաղեմության ժամկետ: Այդ հարցերով պետք է բացառապես զբաղվեն իրավապահները: Բայց նույնիսկ իրավապահների զբաղվելու և ինչ-որ բացահայտումներ անելու պարագայում իրավական հետևանքներ չեն առաջանում: Այստեղ կարիք կա օրենսդրության փոփոխության, անցումային արդարադատության իրականացման: Կամ մյուս տարբերակը, երբ որ նորից ինչ-որ բացահայտումների հետևանքով տվյալ սեփականատերերը որոշեն նվիրատվության տարբերակով գնալ»,- նշեց Նարեկ Բաբայանը:
Հարակից հրապարակումներ`
- Եթե ԱԺ-ում Արամ Հարությունյանի հարցով քվորում չլինի, հաջորդ ԱԺ-ն այդ հարցին կանդրադառնա. Նիկոլ Փաշինյան (լրացված)
- ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրել
- Արմեն Ավետիսյանի ընտանիքը Ծաղկաձորի «Գոլդեն Փելըս» հյուրանոցը նվիրում է պետությանը. Նիկոլ Փաշինյան (լրացված)