Փաստաբան. Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները ծայրահեղ վտանգավոր են
«Նույն օրը, երբ ավարտվեց պարոն Քոչարյանի դատավարությունը, պարոն Փաշինյանը, ելույթ ունենալով Աշտարակ քաղաքում ընտրական գործընթացներում, սպառնալիքներ հնչեցրեց դատական համակարգի հետ կապված։ Մենք գտնում ենք, որ սա պատահական չէ»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
Փաստաբանական թիմի անդամը կարծում է, չնայած սպառնալիքները քողարկված էին այլ թեմայի մեջ, բայց իրականում ուղղակի ուղղված էին այն դատարանին ու դատավորին, որ պարոն Քոչարյանի վերաբերյալ որոշում պետք է կայացնի։
«Հայտարարության բովանդակությունն այն էր, որ նախկին իշխանություններին կբերենք դատարաններ, ճիշտ է, այնտեղ ուրիշ տերմինոլոգիա կա, մկներ, սերմացու և այլն, բայց իմաստն այն է, որ նախկին իշխանություններին կբերենք դատարան, կդատենք, իսկ եթե պարզվի, որ դատական համակարգում կան նաև նրանց դրածոնները, ապա կդատենք նաև նրանց։ Նաև այսպիսի արտահայտություն արվեց, որ նոր ձևավորվելիք ԱԺ-ն ու կառավարությունը բավարար լծակներ ունեն դատական իշխանության վրա ցանկացած ձևով ազդեցություն ունենալու համար»,-Փաշինյանի հայտարարությունը ներկայացրեց Ալումյանը։
Քոչարյանի փաստաբանը նշեց, ցանկացած պրագայում, անկախ այն բանից, թե ում վերաբերյալ է քննվում գործը, ծայրահեղ վտանգավոր են այդպիսի հայտարարությունները, «որովհետև գործադիր իշխանությունը և իշխանության որևէ ճյուղ՝ լինի օրենսդիր, թե գործադիր, չպետք է ճնշում գործադրի դատարանի և դատավորի նկատմամբ, ինչքան էլ կարևոր գործ քննվելիս լինի»։
Ալումյանը կարծում է, եթե դատական համակարգի նկատմամբ առկա ճնշումները դնեն իրար կողք ու վերլուծեն, ապա կպարզվի, որ այսօր իրավիճակը նույն է, ինչ որ նախորդ իշխանությունների ժամանակ։
«Նույնիսկ ավելի վատ է։ Եթե նախորդ իշխանություններից ներկա իշխանությունները պետք է տարբերվեն, ինձ թվում է, առաջին հերթին պետք է տարբերվեն նրանով, որ պետք է բացառվի ճնշումը դատական համակարգի վրա, նույնիսկ եթե դա արվում է ամենալավ նպատակներից ելնելով։ Չպետք է նման հայտարարություններ արվեն հրապարակային, չպետք է մարդկանց մոտ թշնամանք գեներացվի դատավորների նկատմամբ։ Դատավորները որոշում կայացնելիս չպետք է իրենց զգայն այն վիճակում, որ եթե իրենք, ելնելով իրենց ներքին համոզմունքից, գտնեն, որ պարոն Քոչարյանին անհրաժեշտ է ազատել, իրենք հայտնվելու են թիրախում, համարվելու են նախորդ իշխանությունների դրածո, նախորդ իշխանությունների պատվերը կատարող։ Չի կարելի այդպես վարվել դատական համակարգի նկատմամբ»,-ասաց Քոչարյանի փաստաբանը։
Ալումյանն ասաց, որ իրենք պատրաստ են պայքարել. «Պատրաստ ենք անմիջապես դիմել Եվրոպական դատարան, եթե ֆիքսենք մեր պաշտպանյալի իրավունքի խախտում»։
Ինչ վերաբերում է երեկվա ձայնագրությանը և թե այն որքանով կարող է ազդեցություն ունենալ վաղվա որոշման վրա, փաստաբանն ասաց, որ իրենք փաստաբանական խմբով որոշել են ընդհանրապես այդ ձայնագրությանը չանդրադառնալ. «Հենց մենակ նրա համար, որ այդ ձայնագրությունն ինքն իր մասին այնպիսի բովանդակություն է պարունակում, որ լրացուցիչ մեկնաբանելու կարիք չկա։ Մենք այդ ձայնագրությունն առայժմ չենք էլ ուզում մեկնաբանել»։
Լրագրողի հարցին, թե այն գործի մաս կարո՞ղ է դառնալ, նա պատասխանեց. «Պարտադիր դառնալու է»։
Մեկ այլ հարցի, թե Ռոբերտ Քոչարյանը կկարողանա՞ մասնակցել ընտրությունների, Ալումյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ պարոն Քոչարյանը կարող է մասնակցել ընտրություններին, մենք այդ հարցի տեխնիկական մասը կարող ենք ապահովել։ Սակայն այլ հարց է՝ կուզի՞ մասնակցել, թե՞ ոչ, այդ հարցը չեմ կարող մեկնաբանել»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին