Բաբլոյան. Պատահական չէ, որ աշխատակազմը համարվում է խորհրդարանի ինստիտուցիոնալ հիշողությունը
Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների 2-րդ հանդիպմանը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր խոսքում կարևորել է միջոցառման անցկացումը ՀՀ Ազգային ժողովում: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերներին, Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեին այս պլատֆորմը նախաձեռնելու, ինչպես նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը՝ խորհրդարանների կարողությունները հզորացնելուն ուղված ծրագրերի իրականացմանն աջակցելու համար:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Բաբլոյանն իր ելույթում նշել է.
«Ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի և ձեր պետությունների խորհրդարանների աշխատակազմերի միջև ստեղծվել է համագործակցության լայն շրջանակ:
Խորհրդարանը, ինչպես գիտեք, ժողովրդավարության գլխավոր ինստիտուտներից է, որի աշխատանքն անհնար կլինի առանց խորհրդարանի գործունեությունն ապահովող աշխատակազմի: Բացի դա, խորհրդարանի աշխատակազմը կարևոր դեր ունի օրենսդիր մարմնի շարունակական և հետևողական աշխատանքի ապահովման գործում և պատահական չէ, որ աշխատակազմը համարվում է խորհրդարանի ինստիտուցիոնալ հիշողությունը:
Պատգամավորները մշտապես փոփոխվում են, գալիս են նորերը, որոնց մի մասը՝ առաջին անգամ: Նրանց հիմնական հենարանը պետք է դառնա հենց աշխատակազմը: Նորընտիր պատգամավորը, սկսելով օրենսդիր գործունեությունը, պետք է վստահ լինի, որ խորհրդարանում ունի այնպիսի աջակցություն, որը կապահովի իր հիմնական գործունեությունը: Աշխատակազմի դերն ու նշանակությունը, իհարկե, այսքանով չի սահմանափակվում: Մենք՝ պատգամավորներս, ընտրվելուց հետո մեր պաշտոնավարման ողջ ժամկետի ընթացքում հենվում ենք հենց աշխատակազմի վրա, իսկ որքան բարձր է աշխատակազմի պրոֆեսիոնալիզմը, այնքան քիչ են մեր աշխատանքային հոգսերը:
Հենց այդ պատճառով ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն այդքան բարձր գնահատեց ինչպես աշխատակազմերի գործառույթները, այնպես էլ գլխավոր քարտուղարների՝ խորհրդարանների աշխատակազմերը ղեկավարելու ու զարգացնելու պարտավորությունները:
Հայաստանի Հանրապետությունը 2015 թվականին անցում կատարեց կառավարման խորհրդարանական ձևին, ինչը ենթադրում է խորհրդարանի դերի, լիազորությունների և պարտականությունների էական ավելացում: Զգալիորեն փոփոխվեցին խորհրդարանի գործառույթները, դրանցում ավելացավ կառավարության նկատմամբ վերահսկողության գործառույթը, իսկ այդպիսի կարևոր ֆունկցիան անհնար կլինի իրականացնել առանց արհեստավարժ աշխատակազմի:
Այս համատեքստում մենք սկսել և հաջողությամբ շարունակում ենք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կարողությունների զարգացումը, որն ուղեկցվեց աշխատակազմում գործառույթների հստակեցմամբ, նոր պարտավորությունների սահմանմամբ և կառուցվածքային բարեփոխումներով: Այդ բարեփոխումների շրջանակում ամենամեծ ծրագիրը, իմ կարծիքով, Ազգային ժողովի վերլուծական կենտրոնի ստեղծման նախաձեռնությունն է: Մեր նպատակն է ունենալ ընդունված օրենքների արդյունավետության մշտադիտարկման ապահովում, վերլուծությունն ու գնահատումն իրականացնող, ինչպես նաև ցանկացած բնագավառում միջազգային օրենսդրական փորձն ու ավանդույթները Հայաստանում կիրառելու հնարավորության վերաբերյալ հիմնավորված առաջարկներ ներկայացնող մարմին: Այս ուղղությամբ աշխատանքները, իհարկե, կշարունակվեն:
Ստանձնելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը՝ հենց առաջին օրվանից խորացրել եմ ԱԺ նախագահ և աշխատակազմ աշխատանքային հարաբերությունները և ամենևին պատահական չէր, որ հրաժարվեցի Ազգային ժողովի նախագահի համար նախատեսված շուրջ 25 խորհրդականների, օգնականների ու ռեֆերենտների 80 տոկոսից: Համոզված էի, որ Ազգային ժողովի աշխատակազմն ամբողջությամբ բավարար է աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար: Հիմա հպարտությամբ փաստում եմ, որ համոզմունքս ճիշտ էր և անցնող ժամանակահատվածում կատարված հսկայական աշխատանքն էլ դրա ապացույցն է:
Խորհրդարանների հարգարժան գլխավոր քարտուղարներ, ավարտելով խոսքս՝ առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ մշտապես կանգնած եք մեր՝ օրենսդիրներիս թիկունքին և ապահովում եք մեր գործունեության արդյունավետությունը:
Մաղթում եմ արդյունավետ աշխատանք»: