
ԱԳՆ. Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են առաջիկայում շարունակել հանդիպումները
Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում, Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, որին նախորդել էր Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների թվով երրորդ հանդիպումը ևս միտված էր առավել հանգամանալից ծանոթանալու խաղաղության գործընթացի վերաբերյալ միմյանց դիրքորոշումներին ու մոտեցումներին։ Այս առումով ծավալվել է մտքերի օգտակար փոխանակություն։
Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան։