Լյուքսեմբուրգում հասարակական տրանսպորտն անվճար կդառնա
Լյուքսեմբուրգը կդառնա եվրոպական առաջին երկիրը, որտեղ հասարակական տրանսպորտն անվճար կլինի։ Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը։ Գնացքով, տրամվայով, ավտոբուսով երթևեկելու համար այս երկրում այլևս չեն վճարի հաջորդ տարվա ամառվանից։ Սա Լյուքսեմբուրգի վարչապետ Խավյե Բեթելի կառավարության ծրագրում էր ընդգրկված։
2020-ից ընդհանրապես տոմսերի համակարգը վերացվելու է, սակայն չի հստակեցվել, թե ինչ է արվելու առաջին կամ երկրորդ կարգի վագոնների հետ։
Այս պահին Լյուքսեմբուրգում անվճար կարող են երթևեկել միայն մինչև 20 տարեկանները։ Սա էլ գործում է ընթացիկ տարվա ամռանից։
Լյուքսեմբերուգում ահավոր խցանումներ են։ Բանն այն է, որ երկիրն ունի 600 հազար բնակչություն, ևս 200 հազար մարդ գալիս է այստեղ աշխատելու Ֆրանսիայից, Բելգիայից, Գերմանիայից։ Հետազոտությունների համաձայն, 2016-ին վարորդները խցանումների մեջ անցկացրել են միջին հաշվով 33 ժամ։
Վարչապետը դեկտեմբերի 5-ին իր երդման խոսքում, իսկ ավելի վաղ նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել է հատուկ ուշադրություն դարձնել շրջակա միջավայրին։
Հիշեցնենք, որ 2018-ի հուլիսի 1-ից Էստոնիայի շատ շրջաններում անվճար հասարակական տրանսպորտ է գործում։ Նրանք հետևել են մայրաքաղաք Տալլինի օրինակին, որտեղ բնակիչներն արդեն մի քանի տարի երթևեկության համար չեն վճարում։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան