Արցախի հարցը չպետք է դառնա ներքաղաքական պոպուլիզմի մատաղացու. ՀՀԿ փոխնախագահ
«Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան։ Անցել է յոթ ամիս, այս ընթացքում եղել են բազմաթիվ հանդիպումներ՝ ԱԳ նախարարների մակարդակով, Մինսկի խբի համանախագահների այցեր և հայտարարություններ, միջազգային տարբեր ֆորումներ և ոչ մի տեղ, ոչ մի փաստաթղթում նոր իշխանությունների այս մոտեցումն իր տեղը չի գտել»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Կամ նոր կառավարության մոտ դա անել չի ստացվում, կամ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական պոտենցիալը չի հերիքում պոպուլիստական շահարկումների ենթարկվող մոտեցումը կյանքի կոչելու համար։ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք Արցախի հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթղթերում՝ լինեն դրանք Մինսկի խմբի հայտարարություններ, թե Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում ընդունված բանաձև, լավագույն դեպքում իրենք կրկնօրինակում են մեր կողմից արված դիվանագիտական մշակումները։
Իսկ վատագույնն այն է, որ այդ բանաձևումներից արդեն վաղուց կորել են հիշատակումները Ենայի, Ժնևի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման մասին»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը՝ շեշտելով, որ վերոնշյալ պայմանավորվածությունները մոռացության են տրված նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ նոյեմբերին արած հայտարարությունում։
Արմեն Աշոտյանը համոզմունք հայտնեց՝ գործող իշխանությունները չեն գիտակցում, որ եթե բազմահարկ շենք են կառուցում, չեն կարող ներքևի հարկերը քանդել։
«Ինչ էլ արել ենք, արել ենք մենք՝ խորհրդարանում։ Իհարկե, Արցախի շուրջ կա նաև աշխարհաքաղաքական լարվածություն։ Ես մի քանի անգամ աել եմ, որ տարածաշրջանում տեղի են ունենալու բուռն փոփոխություններ։ Դրանք նախևառաջ պայմանավորված են Իրանի և Սիրիայի շուրջ գլոբալ բախումների հետ։
Գերտերությունները սպասում են խորհրդարանական ընտրություններին, որպեսզի կարողանան իրենց դիրքավորման գործընթացն ավարտել Հարավային Կովկասում։ Բայց շատ կարևոր է, որ նրանց շահերը չհամադրվեն Հայաստանի և հայ ժողովրդի շահերին, որ ոչ մի աշխարհաքաղաքական ուժ տարածաշրջանում չդիրքավորվի հայ ժողովրդի, այս դեպքում՝ Ղարաբաղի հաշվին։ Մյուս կողմից, Արցախի հարցը չպետք է դառնա ներքաղաքական պոպուլիզմի մատաղացու»,-ամփոփեց հանրապետական գործիչը։
Հարակից հրապարակումներ`
- Միլանում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
- Ադրբեջանը հիմա կստորագրի ցանկացած թուղթ, որտեղ միայն Հայաստանն է՝ առանց Արցախի. քաղաքագետ
- Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները նախատեսում են Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն համաձայնեցնել. Զախարովա
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան